«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու՝ այս տարվա վերջին նիստը, եւ ավագանու ընդդիմադիր անդամները հույս ունեն, որ գոնե այս անգամ նիստը կվարի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Բանն այն է, որ քաղաքապետը երկար ժամանակ է, ինչ չի հաճախում աշխատանքի, նրա հետ մի քանի աշխատակիցներ շփվում են առցանց ձեւաչափով. մեծամասնության համար քաղաքապետն անհասանելի է ու անտեսանելի: Իսկ ավագանու առաջիկա նիստը իսկապես թեժ նիստ է լինելու. օրակարգում 23 հարց է լինելու:

Արդեն հայտնել էինք, որ օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Երեւան քաղաքի բյուջեի նախագիծը` երկու տեսքով՝ պարգեւավճարներով եւ առանց դրա: Այսինքն` քաղաքապետն իր եւ աշխատակիցների պարգեւավճարներ ստանալու հարցը թողել է ավագանու որոշման: Մինչդեռ նախկինում ինչ ցանկացել, միանձնյա որոշել է` փաստի առաջ կանգնեցնելով «Իմ քայլի» թիմին:

Բացի բյուջեից, առանձին հարցով քննարկվելու է նաեւ մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: Թեժ քննարկում է սպասվում նաեւ Երեւանի փոխքաղաքապետի ընտրության հարցում, որը պետք է փոխարինի Տիգրան Վիրաբյանին:

Որպես թեկնածու ներկայացվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը, որն արդեն արժանացել է ընդդիմադիր խմբակցությունների անդամների քննադատություններին: Ընդդիմադիրները նշում են, թե որպես ավագանու անդամ՝ նա բանիմաց է, սակայն փոխքաղաքապետ լինել եւ այդքան մեծ ոլորտ կառավարել չի կարող»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել