Armday.am-ը գրում է.
Հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում իր մասնագիտական պարտքը կատարելիս նահատակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանը։ Նա ընդամենը 24 տարեկան էր։
Որպես բժիշկ ծառայելով N զորամասում` Տիգրանը, հավատարիմ մնալով իր երդմանը, պատերազմի առաջին օրվանից գտնվել է ամենաթեժ կետերից մեկում` փրկելով հարյուրավոր կյանքեր:
Մտերիմ ընկերները պատմում են, որ դժվար է համակերպվել Տիգրանի բացակայությանը, նա մշտապես աչքի է ընկել իր բարությամբ, հումորով, պատրաստակամությամբ, դժվար պահերին իրենց կողքին է եղել:
Տիգրանի մտերիմ ընկերները՝ Սամվելը, Վահեն, Ռազմիկը, Դավիթը:
Դասընկերուհին` Սյուզաննա Խանզադյանը, հիշում է.
«Տիգրանի հետ 3 տարի կիսել եմ դպրոցական նստարանը։ Շատ խելացի էր, համեստ ու բարի։ Ես լավ չէի տեսնում ու ամաչում էի ակնոց կրել, ինքը միշտ ստուգողականների ժամանակ սևագրի վրա գրատախտակից արտագրում էր ինձ համար իմ տարբերակի առաջադրանքները, որ հասցնեի մինչև դասի ավարտը բոլորը գրել` երբեմն չհասցնելով իրենը։ Հարցիս, թե ինչ է ուզում դառնալ, միշտ վստահ պատասխանում էր, որ վիրաբույժ է դառնալու, որ կյանքեր փրկի… Այդպես կյանքեր փրկելով էլ անմահացավ նա»։
Տիգրանն անմահացել է զինվորներին մարտի դաշտից տեղափոխելու ժամանակ։
Հավերժ փա’ռք քեզ, Տիգրա՛ն