Հարցազրույց SCEPTR-ի հեղինակ և խմբագիր, Pallieterke և Assyria TV-ի լրագրող Յակոբ Կյուրյումի հետ

- Պատերազմի սկսվելուն պես Ադրբեջանը թիրախավորել է լրագրողներին: Օրինակ՝ վիրավորվել են ռուս լրագրողներ և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներ: Ի՞նչ եք կարծում, նրանք դա միտումնավոր են անում, չէ՞ որ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշան:

- Կարծում եմ՝ նրանք թիրախավորում են լրագրողներին: Նախկինում նույնպես Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ անձանց: Մենք հիշում ենք, թե ինչպես նրանք Հունգարիայում սպանեցին հայ սպային: Սաֆարովը բանտարկվեց, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչպես Ադրբեջանը վճարեց հունգարական կողմին նրան հայրենիք վերադարձնելու համար: Նրանք նրան վերաբերվում էին հերոսի պես: Փաստորեն, նրանք ահաբեկչին դարձրին իրենց երկրի ազգային հերոս: Այս դեպքը շատ բան է ասում նաև լրագրողներին թիրախավորելու մասին:

- Որպես լրագրող` առաջնագծում շատ բաներ եք տեսնում: Օրինակ՝ ադրբեջանական կողմը գնդակոծում է դպրոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև թիրախավորում խաղաղ բնակիչներին: Հենց գրում եք այս ռազմական հանցագործությունների մասին, ադրբեջանական կողմը պնդում է, որ դա կեղծիք է: Ինչպե՞ս պետք է աշխատեք կամ հակազդեք այն դեպքերում, երբ Ադրբեջանը համարում է, որ ձեր հրապարակումը կեղծ լուր է:

- Որոշ ժամանակ առաջ տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում երկու հայ ռազմագերիների: Դրանից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ տեսանյութը կեղծ է: Ավելի ուշ BBC-ի հետաքննությունը ապացուցեց, որ այդ հայտարարությունը բացարձակ սուտ է: Դա սարսափելի էր: Ես անձամբ հարցազրույց եմ վերցրել որոշ մարդկանցից, որոնք ճանաչում են սպանված ռազմագերիների ընտանիքներին, ուստի ինքս էլ համոզված եմ, որ դա իրական է: Գիտեմ, որ Ադրբեջանը ստել է: Այնպես որ, մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից կատարվող նման սարսափելի դեպքերը չընդունվեն աշխարհի կողմից: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես է աշխարհը հաշտվում դրա հետ:

- «Մեդիա պաշտպան» նախաձեռնության թիմը հայտարարեց, որ աջակցում է բոլոր լրագրողներին, որոնք իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս վիրավորվել են Արցախում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունն ու լրագրողները աշխարհում պե՞տք է իրենց համերաշխությունը հայտնեն իրենց գործընկերներին և աջակցեն վիրավորներին:

- Լրագրողների իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Հասնելով հակամարտության գոտիներ՝ նրանք փորձում են լուսաբանել կարևոր խնդիրներ, ուստի, այո՛, նրանց պետք է աջակցել: Ինչ վերաբերում է այս պատերազմին, անձամբ ինձ տխրեցնում է, որ շատ զինվորներ են զոհվում․ Ադրբեջանը սկսեց այս պատերազմը ՝ փորձելով իրականացնել նոր ցեղասպանություն: Մենք տեսնում ենք, թե որքան հաճախ են ռմբակոծվում քաղաքացիական բնակավայրերը, ինչպես են զոհվում խաղաղ բնակիչները: Այս պատերազմը նոր ցեղասպանություն է Արցախի քրիստոնեական համայնքի դեմ:

Jakob Kurum

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել