1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Հայկոն, ով այս տարի «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանի հեղինակային՝ «Ես ու միայն դու» երգի հեղինակն է:
- Հայկո, «Նոր ալիք» երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանը կատարեց «Ես ու միայն դու» երգը՝ զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը: Այս օրերին շատերը քննադատեցին, որ Մերին մեղավոր չէ, երգն էր սխալ ընտրված: Ըստ Ձեզ` ո՞րն էր ձախողման պատճառը:
- «Ես ու միայն դու» երգի հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Մխիթարյանը, գործիքավորումը իրականացրել ենք Lazzaro-ի հետ միասին, որը ոչ միայն Հայաստանի ամենահզոր, ճաշակով երաժիշտներից մեկն է, այլ նաև աշխարհի մասշտաբով է երաժշտական գործիքավորում իրականացնում: Ավելին` երգի վրա աշխատել են նաև Իգոր Կրուտոյը, «Նոր ալիք»-ի պրոդյուսեր Ռևզինը, այսինքն՝ երգի մեջ որոշ հատվածներ մենք միասին ենք մշակել, և վերջնական տեսքը իրենց ցնցել է:
Այս օրերին մեր հայրենակիցների քննադատությունից չեմ նեղանում, քանի որ իմ ժողովրդի խառնվածքը շատ լավ գիտեմ. եթե լիներ հաղթանակ, իմ երգը շատ լավ երգ կլիներ, բայց պարտության դեպքում իմ մասին գրվում է վատը՝ մոռանալով այսքան տարիների իմ ստեղծագործությունները: Բայց ես չեմ վիրավորվում, ինչքան մարդ, այդքան ճաշակ: Բացի այդ, ճաշակին ընկեր չկա: Մի շատ հետաքրքիր օրինակ բերեմ. երկու միլիոնանոց ժողովուրդ ունեցող Հայաստանում չորս-հինգ գործիքավորող և կոմպոզիտոր կա: Եվ դա նրանից չէ, որ մենք չենք թողնում ուրիշ տաղանդավոր մարդիկ ի հայտ գան, անգամ եղել են դեպքեր, երբ երգ գրելու մրցույթ է հայտարարվել, Հայաստանի բոլոր կոմպոզիտորները գրել են, բայց էլի ընտրվել են այդ չորս-հինգ կոմպոզիտորները: Խնդիրն այն է, որ մենք հիմա չունենք էստրադային երաժշտությամբ զբաղվողներ:
- Այսինքն՝ կոմպոզիտորների դեֆիցի՞տ ունենք:
- Իրոք ունենք, 2 միլիոնանոց ժողովրդի մեջ այսօր իրենց ստուդիաներում գիշերուզօր ստեղծագործող մատների վրա հաշված մարդիկ կան: Պարզապես մենք մարդկանց նեղացնելու բնավորություն ունենք, և եթե մենք պատմությանը հետևենք, ապա կտեսնենք, որ մենք նեղացրել ենք Էլվինա Մակարյանին, նա թողեց գնաց, մենք նեղացրել ենք Կոստանդին Օրբելյանին, նա թողեց գնաց, և մենք միշտ նեղացնում ենք բոլորին: Անկեղծ ասած, ես չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան վատ կարծիք տեսնել սոցիալական ցանցերում, չնայած եթե հարյուր վատ կարծիք կար, հազարավոր խրախուսող նամակներ եմ ստանում, և մարդիկ, ովքեր ինձ երկրպագում են, նրանք, համենայնդեպս, քաղաքակիրթ են, իրենց չեն դնում մասնագետի տեղ: Այս դեպքում ես հասկացա, որ մեր ամբողջ ազգը կոմպոզիտոր է և երաժշտական քննադատ, որ բոլորը լավ երգեր են գրում, իսկ Հայկոն աշխարհի ամենավատ կոմպոզիտորն է:
Ես Մաշային շատ եմ սիրում, նա նորաստեղծ արտիստ է, ով նոր է մտնում շոու-բիզնես: Ինձ համար գլխավոր հաղթանակն այն է, որ Մաշան իրենց Գյումրիի տնից (բոլորը խոսում են, թե իբր նա մեծահարուստի աղջիկ է, բայց այդ խոսողներին խորհուրդ եմ տալիս մեկ անգամ գնալ Գյումրի, տեսնել՝ որտեղ է ապրում Մաշան, իրենց տանը մի բաժակ սուրճ խմել, հետո մնացած բաներից կարող ենք խոսել), հասարակ ընտանիքից է դուրս եկել և հիմա իր ուժերով հասել է նման հաջողությունների առանց գումարներ ծախսելու, և սա է ինձ համար ամենամեծ հաղթանակը:
Ամենազավեշտալին այն է, որ թերթերը գրում են, թե իբր Մաշան հագել է 20.000 եվրո արժողությամբ շոր, մինչդեռ մենք ունենք 150 դրամ տրանսպորտի գումարի խնդիր, սա այնպիսի աբսուրդ մեկնաբանություն էր, որ երեխան կարդացել և հուզվել էր, քանի որ այդ շորը իրեն տրամադրել է ռուս դիզայներ, ով, Մաշային հավանելով, խնդրել է, որ իր շորով հանդես գա: Բոլորը գրեցին, որ այս մրցույթի պատմության մեջ այդպիսի թանկանոց շոր չի եղել, բայց մենք որևէ գումար չենք ծախսել հագուստի վրա:
Մաշայի հետ աշխատել են ամենապրոֆեսիոնալները, իսկ Մաշայի երգի հավանությունը տվել են հենց մրցույթի կազմակերպիչները:
- Տոտո Կուտունյոն ութ միավոր գնահատեց նրա կատարումը: Շատերը սա արժանի գնահատական են համարում, իսկ ոմանք էլ՝ խիստ սուբյեկտիվ: Ըստ Ձեզ՝ արժանի՞ գնահատական էր:
- Ինձ համար Տոտո Կուտունյոն լեգենդար կոմպոզիտոր է, և չեմ ուզում ինձ թույլ տալ մեկնաբանել նրա գնահատականը, նա այդպես է գտել և այդպես է գնահատել, իհարկե` չի լինում նման բան, որ մեկը 11 միավոր գնահատի, կողքինը՝ ութ: Առհասարակ, երգչի մոտ տվյալ օրում ելույթը կամ ստացվում է, կամ չի ստացվում: Սա ելույթի վերջին օրն էր, ելույթը մի քիչ չստացվեց, քանի որ լարվածությունը մեծ էր, և բոլորի ձայնը կտրված էր, և ֆավորիտը կուբացի տղան էր, բնականաբար բոլորը իրենց ուշադրությունը սևեռել էին կուբացի տղայի վրա: Երևի թե Մաշայի մոտ այդ օրը ելույթը մի քիչ լավ չստացվեց, բայց դա չի նշանակում` Մաշան վատ երգչուհի է կամ հանցագործություն է արել, կամ Հայկոն է աշխարհի ամենավատ կոմպոզիտորը...
- Հայկո, ստացվել է այնպես, որ մեզ մոտ կամ սիրում են, գնահատում, կամ ոչ, ինչո՞վ եք դա պայմանավորում:
- Կարծում եմ` «մոդա» է դարձել քննադատելը, և եթե մենք նայենք որոշ էլեկտրոնային կայքերի, ապա կտեսնենք, որ ընկել են վարկանիշի հետևից, և եթե իրենք գրեն՝ Հայկոն գրել է գեղեցիկ երաժշտություն ինչ-որ մեկի համար, որևէ մեկը այդ հոդվածը չի կարդա, բայց երբ գրում են՝ Հայկոն ստացել է գայիից տուգանք, արագ կարդում են: Մոդա է դարձել քննադատելը, և բնականաբար խեցգետինը բերանում, իսկ կողքին գարեջուրը ձեռքին մեկը գրում է, թե ով է Հայկոն, որ երգ գրի, մի քանի կայքեր էլ դա վերցնում տեղադրում եմ իրենց մոտ:
Մի խոսքով, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը ու չեմ պատրաստվում հիասթափվել և հեռանալ այստեղից: Որոշ լրատվամիջոցներ այնպես արեցին, որ էստրադայի բնագավառը փչացրին, և հիմա մեծամասամբ շոու-բիզնեսում ռաբիս երաժշտություն է տիրում, իսկ ես շատ եմ ուզում, որ մենք ունենանք ժամանակակից երաժշտական ինդուստրիա:
- Փաստորեն, չեք պատրաստվում արտագաղթել, թեև հիասթափվա՞ծ եք:
- Կարող եմ ասել, որ ոչ այնքան հիասթափված, որքան զարմացած եմ, որովհետև ես գիտեի, որ ես վայելում եմ ժողովրդի սերը, և համարում եմ, որ ես մաքուր կոմպոզիտոր եմ և միշտ անում եմ որակով գործեր, որովհետև սիրում եմ իմ երկիրը, իմ մայրաքաղաքը և ուզում եմ, որ այստեղ միշտ լինի որակով երաժշտություն: Բայց կարդալով այդ մեկնաբանությունները` զարմացած եմ և ոչ թե հիասթափված: Իսկ ինչ վերաբերում է իմ արտագաղթելուն, ապա ես ընդհանրապես չեմ պատրաստվում արտագաղթել, քանի որ սիրում եմ Երևանը, Հայաստանը ու միշտ այստեղ պետք է մնամ և ստեղծագործեմ: