«Իրատես». Թերթը գրում է. «Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։
Երեկ մեկնարկել է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ՌԴ, ու հստակ է, որ այնտեղ սեղանին որոշ հարցեր են դրվելու, որոնք կոնկրետ պատասխաններ են պահանջելու։ Այս բարդագույն շրջանում՝ ծանր որոշում կայացնելուց առաջ, իշխանությունը քաղաքական դերակատարների տեսակետների համադրման կարիք ունի։ Թե ինչ է այսօր հայկական կողմին ներկայացվում և ինչ հարցերի շուրջ պիտի համաձայնության գալ, դժվար է ասել, որովհետև մի կողմից թնդանոթները չեն լռում, մյուս կողմից էլ երկարատև պատերազմը մաշում է բոլոր կողմերին։ «Տակը» մնում է միայն դիվանագիտությունը, որը ենթադրում է չոր հաշվարկ, սթափ գնահատականներ և ոչ միանշանակ լուծումներ։
Թե հայկական կողմն ինչպես դուրս կգա այս վճռական շրջանից, ինչ կորուստներով ու ինչ հաջողություններով, կերևա առաջիկայում։ Սակայն մեկ բան միանշանակ է՝ պատերազմի դաշտում մեր զինվորն ամեն ինչ արել է, որ հայկական դիվանագիտությունը խելամիտ որոշումներ կայացնի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում