Shantnews.am-ը գրում է․
Վրասատնի ՆԳՆ հաղորդմամբ` սեպտեմբերի 1-ին Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության պահպանման հետազոտական կենտրոնն օտարերկրյա հետախուզական գործակալության կողմից ենթարկվել է կիբերհարձակման: Գողացել են կարևոր փաստաթղթեր:
Ըստ ՆԳՆ-ի՝ ապօրինի ձեռք բերված փաստաթղթերը հրապարակվել են «արտասահմանյան կայքերից մեկում»: Տվյալները բժշկական բնույթի են և պարունակում են կարևորագույն տեղեկություններ համաճարակի կառավարման մասին: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ արտասահմանյան կայքերից մեկում հրապարակված փաստաթղթերը կեղծված են և նպատակ ունեն հասարակության մեջ վախ, շփոթմունք և անվստահություն առաջացնել։
«Այս փուլում ձեռք բերված ապացույցների համաձայն ՝ կիբերհարձակումը իրականացվել է օտարերկրյա պետություններից մեկի հատուկ ծառայությունների կողմից», – ասված է հայտարարության մեջ` չհստակեցնելով, թե որ երկրի հատուկ ծառայությունների մասին է խոսքը:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի ՝ «համակարգչային համակարգ չթույլատրված ներթափանցում» հոդվածով:
ՆԳՆ-ն մտադիր է առաջիկայում դիմել գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին` նշված առանձնահատուկ ծանր հանցագործության արագ և արդյունավետ հետաքննությանն օժանդակելու նպատակով: