Hraparak.am-ը գրում է․

Փաշինյանն իր կապանյան ասուլիսին վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ ապրիլյան պատերազմը սանձարզերվել է ՌԴ-ի իմացությամբ ։Ինչպես նաև ասաց, որ կարծիքի ու մտահոգությունների մասին հանգամանալից խոսակցություններ է ունեցել ՌԴ իր գործընկերների հետ ու ստացել պատասխաններ։Հետևաբար՝ «Ըստ Ձեզ՝ ինչ պատասխաններ է ստացել վարչապետը կամ,առհասարակ, ինչ պատասխաններ կարող էր ստանալ Ապրիլյանի վերաբերյալ մտահոգությունների շուրջ»։ 

Սերժ Սարգսյանն, ի պատասխան, ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ ու ավելացրեց․«Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ։ Եվ Ձեզ խնդրում եմ՝ հարցեր տալ հասցեատիրոջը և դրա համար ես Ձեզ շատ շնորհակալ կլինեմ»։

Ինչ վերաբերում է բուն գաղափարին, ապա Սերժ Սարգսյանն ասաց, որ նման հայտարարությունները քաղաքական տեսանկյունից տգիտություն են։ «Գիտեք, երբ մարդիկ չստուգված, վարկաբեկող մտքեր ու տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ խորը հետևանանքներ։ Եվ ոչ միայն այդ պահին։ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, նման հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ»։

Սա, ըստ Սարգսյանի, անթույլատրելի է այն պարագայում, երբ ՌԴ -ն Հայաստանին հսկայական օժանդակություն է ցուցաբերել որպես դաշնակից։

ՀՀ երրորդ նախագահը մանրամասնեց, որ  ժամանակին ՌԴ նախագահ Մեդվեդևի պետական այցի շրջանակներում մենք լրացուցիչ արձանագրություն ստորագրեցինք, որով ՌԴ ռազմական բազան իր վրա լրացուցիչ պարտականություններ վերցրեց։ Մինչ այդ 102-րդ բազան պատասխանատու էր միայն ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ 2010թ․ ստորագրված պայմանագրով իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ ողջ սահմանների երկայնքի համար։ Գումարած՝ մեզ օժանդակելու, թարմացնելու մեր սպառազինությունը։

Սերժ Սարգսյանն ասաց, որ ուզում է այնպես ձևակերպել մտքերը, որ ռազմական գաղտնիք չհայտնի։ Այսպես ձևակերպեց՝ մինչև ապրիլյան իրադարձությունները ստացել ենք 50 հազար տոննայից ավել ռազմատեխնիկական օժանդակություն։ «Երբ խոսքը ռազմատեխնիկական օժանդակության մասին է, նշանակում է՝ դրա համար չես վճարում, պատկերացնու՞մ եք՝ ինչ թիվ է»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել