Վերջերս GMB Akash ֆոտոլրագրողն իր ֆեյսբուքյան էջում անհավանական հուզիչ փոստ հրապարակեց:
Դրանում պատմվում է չքավոր մարդու պատմություն, որը երկար տարիներ որպես մաքրող էր աշխատել, որպեսզի իր երեխաները կարողանային արժանի կրթություն ստանալ՝ այն, ինչ ինքը երբեք չէր ունեցել:
Ես երբեք երեխաներին չէի պատմում իմ աշխատանքի մասին՝ չցանկանալով, որ նրանք ամաչեին ինձ համար: Երբ կրտսեր դուստրս հարցնում էր իմ զբաղմունքի մասին, ես միշտ պատասխանում էի, որ տարբեր տեսակի ֆիզիկական աշխատանքներ եմ անում:
Նախքան տուն վերադառնալը ես ամեն օր լվացվում էի ցնցուղի տակ հանրային զուգարաններում, ուստի իմ երեխաները նույնիսկ չէին կասկածում իմ իսկական աշխատանքի մասին: Ես երազում էի իմ բոլոր դուստրերին դպրոց ուղարկել, որպեսզի նրանք սովորեին և արժանի մասնագիտություն ստանային:
Ես անում էի ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, որ նրանք կարողանային արժանի ապրել: Ես չէի ուզում, որ ինչ-որ մեկը գոնե մեկ անգամ նրանց այնպես նայեր, ինչպես ինձ… Մարդիկ միշտ ինձ ստորացնում էին: Ես իմ բոլոր փողերը ներդրեցի աղջիկներիս ուսման մեջ: Երբեք չէի կարողանում ինձ համար նոր վերնաշապիկ գնել, որովհետև ամենը, ինչ վաստակում էի, ծախսում էի դպրոցական դասագրքերի վրա:
Ես մաքրող էի:
Իմ ավագ դստեր քոլեջ ընդունվելու վերջին ամսաթվի նախօրեին ինձ այդպես էլ չհաջողվեց բավականաչափ գումար հավաքել ընդունելության վճարի համար: Այդ օրը ես չէի կարողանում աշխատել: Ես պարզապես նստած էի աղբի կույտի մոտ՝ փորձելով թաքցնել արցունքներս:
Իմ բոլոր գործընկերներն ինձ էին նայում կարեկցանքով, բայց նրանցից ոչ մեկը չփորձեց խոսել ինձ հետ: Ես շատ էի աշխատում, բայց անհաջողության մատնվեցի, այդ պատճառով ցավ էի զգում:
Ես գաղափար չունեի՝ աղջկաս ինչ էի ասելու, երբ նա հարցներ ընդունելության վճարի մասին: Ես չքավորության մեջ էի ծնվել, բայց միշտ լավագույն կյանքի մասին էի երազում իմ երեխաների համար: Իսկ հիմա երազանքներս չէին իրականանալու…
Աշխատանքից հետո ինձ մոտեցան բոլոր մաքրողները, ում հետ աշխատում էի: Նրանք նստեցին կողքիս և հարցրին՝ արդյոք նրանց իմ եղբայրներն եմ համարում: Նախքան ես ինչ-որ բան կկարողանայի պատասխանել՝ գործընկերներս ինձ տվեցին մեկ օրվա իրենց ամբողջ եկամուտը: Երբ ես փորձեցի հրաժարվել, նրանք ասացին. «Եթե պետք է, մենք այսօր քաղցած կմնանք, բայց ՄԵՐ աղջիկը պետք է քոլեջ գնա»: Ես չկարողացա մերժել նրանց:
Այդ օրը ես առաջին անգամ լոգանք չընդունեցի, այլ տուն վերադարձա որպես մաքրող…
Իմ ավագ դուստրը շուտով համալսարանը կավարտի: Նա արդեն հիմա աշխատում է ոչ լրիվ աշխատանքային օրով, որը հնարավորություն է տալիս վճարել մյուս 3 դուստրերիս ուսման համար: Երեխաներս ինձ այլևս չեն թողնում աշխատել: Բայց շաբաթական մի քանի անգամ իմ ավագ դուստրն ինձ հետ գնում է այնտեղ, որտեղ ես նախկինում աշխատում էի, և կերակրում է իմ բոլոր նախկին գործընկերներին:
Նրանք ծիծաղում են և հարցնում՝ նա ինչու է իրենց այդքան հաճախ կերակրում: Աղջիկս պատասխանում է.
«Այն օրը դուք բոլորդ քաղցած մնացիք, որ ես դառնայի այն, ինչ կամ այսօր: Հիմա աղոթեք ինձ համար, որպեսզի ես կարողանամ ամեն օր ձեզ բոլորիդ կերակրել»:
Հիմա ես ինձ աղքատ մարդ չեմ զգում: Նա, ով այսպիսի երեխաներ ունի, չի կարող աղքատ լինել: