Armeniasputnik.am-ը գրում է․

Կանադահայը հինգ ամիս շարունակ բնակչության ամենաաղքատ շերտերին սննդով ապահովելու բարեգործական նախագիծ է առաջարկում իշխանություններին։

Sputnik Արմենիա գործակալությանն է դիմել սփյուռքահայ Մայքլ Ավետիքյանը, որն արդեն մի քանի ամիս է` կարիքավորների համար հիմնադրամի ստեղծման նախագիծ է առաջարկում իշխանությանը։ Չնայած նախագծի բարձր գնահատականին՝ այն շարունակում են անտեսել։

Ավետիքյանը կանադահայ է, կովբոյական հրաձգության մեջ (հրաձգային սպորտի տեսակ․ խմբ) լավագույններից մեկը աշխարհում։ Հանդես է գալիս Կանադայի անունից, բայց միշտ իր մոտ է պահում հայկական եռագույնը։ 2013-2014 թվականին նույնիսկ աշխարհի չեմպիոն է դարձել։

Բացի այդ, նաև բարեգործությամբ է զբաղվում։ Վերջին 17 տարիների ընթացքում Ավետիքյանը մշտապես ընդգրկված է տարբեր նախագծերում, հիմնադրամներում, մարաթոններ է կազմակերպում։

Մարտին Մայքլը կնոջ հետ Հայաստան է եկել՝ ազգականներին այցելելու, բայց համավարակի պատճառով մնացել է այստեղ ու որոշել է ժամանակ չվատնել։

«Առաջին անգամ այսքան երկար մնալով Հայաստանում` վերլուծեցի երկրում տիրող իրավիճակն ու հասկացա, որ կարելի է օգնել բնակչությանը, որը, ցավոք, աղքատության շեմին է գտնվում։ Ելնելով իմ հարուստ փորձից՝ որոշեցի օգտակար լինել պետությանն ու կառավարությանը և «Սննդի հայկական բանկ» (Armenian Food Bank) անվճար ուտելիք բաժանելու ծրագիր իրականացնել», - Sputnik Արմենիային ասաց Ավետիքյանը։

Այդ հիմնադրամը, որը պետք է ստեղծվի պետության, հովանավորների ու սովորական մարդկանց աջակցությամբ, թույլ կտա ամեն ամիս որոշակի մարդկանց ապահովել սննդով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում 1960 թվականից է նման համակարգ գործում։

«Ես հեծանիվ չեմ հնարել, բայց ուզում եմ, որ այն հայկական դրոշի ներքո երթևեկի։ Բաժանմունքները կբացվեն մեր երկրի հինգ քաղաքներում և կսպասարկեն նաև մոտակա բնակավայրերը», - ասաց Ավետիքյանը։

Ընդ որում՝ եթե սկզբնական փուլում նախագիծն իրականացվելու է աշխարհում նման ծրագրերով տոննաներով մթերք բաժանող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) աջակցությամբ ու կառավարության միջոցներով, ապա հետո բյուջեի բեռնվածությունը կնվազի կամ կվերանա։

Ավետիքյանի խոսքով՝ հասարակ սփյուռքահայերը պատրաստ են նման նախագծի համար գումար տրամադրել։ Արևմտյան երկրների բնակիչների համար դա սովորական պրակտիկա է։ Բացի այդ, եթե նախագիծը բյուջեի հաշվին է մեկնարկելու, ապա 6-8 ամիս անց հովանավորների ու արտասահմանյան ֆինանսավորման հաշվին լիովին ինքնապահովվելու է:

Ավելին, նրա կարծիքով, Հայաստանի խոշոր ընկերություններ էլ կաջակցեն նախաձեռնությանը, քանի որ այդ դեպքում հարկային արտոնություններ կստանան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել