Irakanum.am-ը գրում է․
Սևանում իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ խնջույքը շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Ուշագրավն այն է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը անդիմակ միջոցառման մասնակցեց այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եղավ հայտարարություն այն մասին, որ ինչ-որ մարդիկ, ուժեր հակադիմակային ակցիաներ են իրականացնում, կոչ անելով քաղաքացիներին չկրել դիմակներ։
Պատգամավոր Սարգսյանն իհարկե փորձեց հերքել իր կապը «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հետ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ դարակազմիկ հայտարարություն էր արել, նշելով, թե պատգամավորը ընդամենը մի պահ է հայտնվել այնտեղ։ Մինչդեռ ԶԼՄ-ներում եւ համացանցում տարածվող տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ դա այդպես չէ։
Հանրային լայն արձագանքից հետո, երեկ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր (երեկ) հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: «Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները»,- ասված էր հաղորդագրությունում։
Պատասխան հայտարարությամբ հանդես է եկել նաեւ White Shorja հանգստյան գոտին, խմբագրելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունը։ Ըստ այդ հանգստյան գոտուց հայտնում են, որ պարետի որոշմամբ դադարեցվել է White Shorja լողափի խոհանոցի աշխատանքը: Միաժամանակ ասվում է, որ բողոքարկելու են ոչ համաչափ տույժի սահմանումը։ Լողափի սեփականատերը գտել է, որ նմանատիպ նախորդ դեպքերում մյուս օբյեկտների գործունեությունը կասեցվել է միայն մեկ -երկու օր, մինչդեռ իրենցը՝ երկու շաբաթ։
Այնուամենայնիվ White Shorja լողափը ֆեյսբուքյան իր էջում տեղադրած հայտարարությունով ավետում է, որ քաղաքացիները կարող են շարունակել այցելել լողափ, եւ ուրախ օր անցկացնել, օգտվելով առաջարկվող բոլոր ծառայություններից, բացառությամբ՝ սննդի։ Այն այցելուները իրենց հետ պետք է տանեն։
Ստացվում է չնայած պարետատան կողմից կայացվել է որոշում դադարեցնել լողափի գործենեությունը, բայց այն շարունակում է աշխատել, որոշակի խմբագրումով։ Այլ կերպ ասած բազմամարդ հավաքի սիրահարները, դիցուկ որոշ պատգամավորներ կարող են սնունդը իրենց հետ տանելով կազմակերպել հերթական անդիմակ ու աղմկոտ «փարթին»։