1in.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ողջունում է «Չենք վճարում 150 դրամ» ակցիան, ինչպես նաև բոլոր այն դերասաններին, քաղաքացիներին, ովքեր իրենց սեփական մեքենաներով իրականացնում են ուղևորափոխադրումներ քաղաքի տարբեր մասերից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ միանում է այս օրերին կազմակերպվող բոլոր ակցիաներին: 

«Ցավոք սրտի, ծանրաբեռնված եմ նկարահանումներով, որպեսզի ինքս էլ իմ մեքենայով կարողանամ մասնակցել ակցիային՝ ի նշան բողոքի թանկացումների դեմ: Ես ավելին եմ պատրաստ ասելու և անելու»,- նշեց դերասանուհին: 

Հետաքրքրվեցինք, թե ավելին ասելով ի՞նչ նկատի ունի: «Այսինքն՝ նկատի ունեմ ժողովրդի հետ լինելը, կառուցողական ինչ-որ բաներ մտածելը, խոսելը անելը, գուցե ինչ-որ տեղ հավաքվելը, ինչ-որ տեղ բարձրաձայնելը, ծրագրված քայլեր կատարելը, նկատի ունեմ խելացի մարդկանց հետ ինչ-որ բաներ պլանավորելն և ժողովրդի հետ միասին ինչ-որ գործողությունների դիմելը»,- ասաց Լուիզա Ղամբարյանը:

Նա նշեց, որ մինչև հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումը, շատ ապրանքների գներ արդեն բարձրացրել էին, բայց սա լցրեց արդեն համբերության բաժակը, տրանսպորտի թանկացումը կարծես վերջին կաթիլն էր, որովհետև միայն տրանսպորտը չէր թանկացել, և միայն տրանսպորտի թանկացումը չէր, որ այս իրավիճակը ստեղծեց:

«Ես ուզում եմ հավատալ, որ այս ամենից իշխանությունը շատ լուրջ հետևություն կանի և կոնկրետ գործողությունների կդիմի, այսինքն՝ կփորձեն բավարարել գոնե ժողովրդի մինիմալ պահանջը՝ վերականգնել տրանսպորտի նախկին գինը: Ժամանակը ցույց կտա: Ես չեմ ուզում վերլուծություններ անել, ուզում եմ պարզապես հավատալ նրան, ինչ ասացի քիչ առաջ: Կարծում եմ՝ պայքարն ամեն օր պետք է շարունակվի, բայց էլ ավելի գրագետ և միահամուռ»,- ավելացրեց Լուիզա Ղամբարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել