«Իրատես» թերթը գրում է. «Մինչեւ 7-րդ գումարման հերթական նստաշրջանի ավարտն Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ որոշեցի «до եւ после» օպերացիա իրականացնել: Կառավարության հետ հարցուպատաախանի օրը որոշեցի ստուգել՝ դահլիճում քանի՞ պատգամավոր կա մինչեւ կառավարության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գալն ու դրանից հետո։
Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Ժամը 14.40-ի դրությամբ դահլիճում ընդամենը 13 պատգամավոր կար՝ խորհրդարանականների ուղիղ 10 տոկոսը։ Իսկ արդեն 16.40-ին, երբ գործադիրը պատասխանում էր օրենսդիրի հարցերին, նիստը բոյկոտած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բացի, մյուս երկուսը՝ «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» գրեթե ամբողջական կազմով ներկա էին։
Դիտարկումը հատուկ այն պատգամավորների ու մարդկանց համար եմ ներկայացնում, ովքեր կոկորդ են պատռում, թե 7-րդ գումարման խորհրդարանը նոր որակի է ու մի քանի գլուխ բարձր նախկիններից։ Իմքայլական որոշ պատգամավորներ նույնիսկ համարձակվում են ասել, թե այն Գերագույն խորհրդին հավասար մարմին է։
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ խորհրդարանի մեծամասնությունն ուղղակի կոճակ սեղմող է, հետաքրքիր է՝ իսկ հիմա ինքն իրեն հարց տալի՞ս է, թե «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից քանի՞սն է կոճակ սեղմող, քանի՞սն է, որ բացի խորհրդարանի միջանցքներում քայլելուց, ծխարաններում «լռվելուց», միմյանց սենյակներում մեքենաների նոր մոդելներից խոսելուց, է՞լ ինչ են անում:
Հետաքրքրվե՞լ է, թե օրենսդրական կարեւոր նախաձեռնությանը կողմ քվեարկող պատգամավորն արդյո՞ք գիտի՝ ինչին է կողմ քվեարկում, հետաքրքրվե՞լ է, թե ԱԺ-ում իր ներկայությունից կաշկանդվող ու շնչակտուր դահլիճ վազող քայլականը մնացյալ օրերին ի՞նչ է անում խորհրդարանում, քանի՞ քաղաքացու է ընդունում եւ այլն, եւ այլն:
Վարչապետի սիրով վառված պատգամավորներին հորդորում կամ խորհուրդ եմ տալիս՝ աշնանային նստաշրջանում գոնե դադարեք կոճակ սեղմող լինելուց ու երկրի օրենսդիր մարմինը ծաղրուծանակի առարկա մի դարձրեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում