«Հանգուցյալների օրը» ամենանշվող տոներից մեկն է Մեքսիկայում։ Այն նշվում է նոյեմբերի 1-ին և 2-ին առանց ընդմիջման, առավոտից մինչ ուշ գիշեր։
Տոնը բաժանել են 2 օրվա, որովհետև ամեն օրն իր նշանակությունն ու արարողություններն ունի։ Առաջին օրն անվանվում է «Հրեշտակների օր», երբ բոլորը հավաքվում են մահացած նորածինների և երեխաների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Իսկ ահա երկրորդ օրը, որը կոչվում է «Հանգուցյալների օր», հավաքվում են հիշելու բոլոր այդ մարդկանց, ովքեր կյանքից հեռացել են չափահաս տարիքում։
Մեքսիկայի բնակիչները համարում են, որ հենց այս օրերին են բացվում «այն աշխարհի» դռները, և մահացածները այցելում են իրենց ողջ հարազատներին, բայց որպեսզի մահացածները գտնեն «տան ճանապարհը», նրանք բոլոր գերեզմանոցները զարդարում են վառ գույներով, իսկ գերեզմաններ տանող ճանապարհին ժապավեններ են կապում և այն լուսավորում մոմերով։
Այս տոնը նրանց է փոխանցվել դեռևս ացտեկներից և մայա հնդկացիներից։ Մինչ իսպանական գաղութացումը բոլոր մեքսիկներն իրենց տներում պահում էին մահացած հարազատների գանգերը։ Նրանց համար դա մահվան և հարության խորհուրդ ուներ։
Մահվան աստվածուհի Միկտլանսիուատլին նվերների հանձնումը համարվում է այս տոնի ամենակարևոր արարողություններից մեկը։ Այդ օրը սուգը հաճելի չէ։ «Հանգուցյալների օրը» շատ բուռն են նշում, և այն տխուր տոն չի համարվում, այլ ընդհակառակը։ Ամեն ինչ սկսվում է ընտանեկան խաղաղ տոնակատարությունից և ավարտվում փողոցային աղմկոտ ֆեստիվալով։
Սկսած 2003 թվականից՝ այս տոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ոչ նյութական ժառանգության ցանկում։