Factor.am-ը գրում է․
Այս օրերին, երբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 4 միլիոնից ավելի է, ամենուր քաղաքացիներին հորդորում են խստորեն հետևել վարակի տարածումը կանխող կանոններին։ Եվ եթե դիմակ կրելն անհրաժեշտություն է, քանի որ կորոնավիրուսը շնչառական վարակ է, ապա որքանո՞վ են արդյունավետ պաշտպանիչ ձեռնոցները։
Միջազգային մամուլում տեղ գտած ուսումնասիրությունների համաձայն՝ բնակչության շրջանում պաշտպանիչ ձեռնոցներ կրելը խիստ անհրաժեշտություն է միայն այն դեպքում, եթե խնամում են վարակված անձի կամ կասկածում, որ տարածքում վարակակիր կա։ Մյուս դեպքերում այն պարտադիր չէ, բայց ցանկալի է։
Համաճարակաբան Արման Բադալյանը նկատում է․ թեպետ կորոնավիրուսը շնչառական վարակ է, այն կարող է նաև մակերեսներից փոխանցվել։ Հետևաբար, ձեռնոց կրելն օգտակար է։ «Եթե դու կրում ես ձեռնոց, պիտի ճիշտ կրես։ Չեմ բացառում, որ մարդիկ կարող են առօրյայում ուղղակի ձեռնոցը կրել և իրենց շարժունակությունն ու մակերեսներին դիպչելը դառնա այնպես, ինչպես առանց ձեռնոցի է․ ձեռնոցով ձեռքը տանեն քիթ-բերանին։ Այդ դեպքում ձեռնոցը կդառնա անիմաստ»,- ասում է բժիշկը։
Վարկած կա, որ ձեռնոցները ոչ միայն չեն պաշտպանում կորոնավիրուսային վարակից, այլև կարող են նպաստել դրա տարածմանը, քանի որ դրանց մակերեսին ավելի շատ մանրէներ են հավաքվում, քան նոր լվացված ձեռքի։ Բացի այդ, ձեռնոցները պատրաստված են ծակոտկեն նյութից, և, ըստ վերոնշյալ վարկածի, դրանք կրելիս ձեռքն ավելի արագ է քրտնում։ Հետևաբար, որքան երկար ձեռնոցը մնա ձեռքին, այնքան վարակի մանրէներն ավելի հեշտ կարող են դրանց տակ ներթափանցել՝ ստեղծված տաք և բարենպաստ միջավայրի պայմաններում։
Համաճարակաբան Արման Բադալյանի կարծիքով՝ եթե ձեռքերն ախտահանում ենք, ինչից հետո միայն ձեռնոց կրում, հավանականությունը քիչ է, որ ձեռնոցի և մաշկի միջև վիրուսակիր մանրէներ կհայտնվեն։ Մասնագետը ևս մեկ կարևոր կետ է առանձնացնում․ «Ի տարբերություն դիմակի, ձեռնոց կարող ես չկրել, որովհետև կարող ես հաճախ ձեռքերդ ախտահանել։ Այս այլընտրանքը, ինչ-որ տեղ, ի տարբերություն դիմակի, ունենք»։
Համաճարակաբանը հավելում է․ ձեռնոցի գույնից կախված՝ գործառույթը չի փոխվում։ Ինչ վերաբերում է նյութին, որից ձեռնոցը պատրաստված է, ապա կորոնավիրուսի դեպքում դա էական չէ։
«Կարևորը որակով լինի, չպատռվի, նորմալ կարողանան կրել։ Այս մասով կարևոր չէ՝ վինիլից է, ակրիլից, լատեքսից, թե այլ նյութից»,- ասում է մասնագետը։
Իսկ ինչպիսի՞ն է կորոնավիրուսից պաշտպանվելու համար ձեռնոց կրելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ռետինե ձեռնոցները կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ չեն։
Ըստ ԱՀԿ-ի՝ ձեռքերը պարբերաբար լվանալը կամ 60%-ից բարձր սպիրտային լուծույթով ախտահանելն ավելի արդյունավետ է, քան ձեռնոց դնելը։ Այդուհանդերձ, եթե որոշել եք ձեռոց դնել, ապա պետք է հիշել, որ ձեռնոց կրելիս քթին, բերանին և աչքերին դիպչելն արգելվում է։
Այժմ փորձենք հասկանալ՝ որն է «կորոնավիրուսին ձեռնոց նետելու» ճիշտ տարբերակը։ Արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հորդորում է ձեռնոց դնելուց առաջ պարտադիր լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ։ Ձեռնոցը դնել կարելի է առնվազն մի քանի ժամ։
Օգտագործման ավարտին պետք է մի ձեռքով զգուշությամբ հեռացնել ձեռնոցներից մեկը՝ պարտադիր ներքին հատվածը դեպի դուրս քաշելով։ Այնուհետև ձեռքը մտցնել մյուս ձեռնոցից ներս՝ դաստակի հատվածում հպվելով մաշկին և ձեռնոցը դեպի դուրս հրել։ Անհրաժեշտ է լինել մաքսիմալ զգույշ, որպեսզի ձեռքը չդիպչի ձեռնոցի արտաքին հատվածին, որտեղ հնարավոր վիրուսակիր մանրէներն են կուտակված։
Օգտագործած ձեռնոցը պետք է նետել փակ տարայի մեջ, ինչից հետո կրկին 20 վայրկյան տևողությամբ լվանալ ձեռքերը կամ ախտահանել սպիրտային լուծույթով։
Այս օրերին կորոնավիրուսից տուժած երկրներից միայն Ռուսաստանն է փողոց դուրս եկած քաղաքացիներին պարտադրում դիմակից բացի նաև ձեռնոց դնել։
Հունգարիայում, Մոնտենեգրոյում, Սերբիայում և Ուզբեկստանում էլ ձեռնոցները պարտադիր են միայն բեռնատարների վարորդների համար։ Մնացած երկրներում ձեռնոց կրելը քաղաքացու ցանկութամբ է։
Հայաստանում նման պահանջ առկա է միայն պարետի՝ ապրիլի 31-ի որոշման մեջ։ Ըստ պահանջի՝ ձեռնոցի առկայությունը պարտադիր է միայն աշխատավայրերում, առևտրի իրականացման վայրերում և/կամ առևտրի օբյեկտներում։ Բացի այդ, օրերս նաև Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ ԱԺ նիստերի դահլիճ մուտք գործելիս պարտադիր նաև պատգամավորներին են ձեռնոցներ բաժանվում։
Ի դեպ, Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի շարունակական աճով պայմանավորված, ըստ Factor.am-ի տեղեկությունների, քննարկվում է արտակարգ դրության երկարաձգման, ինչպես նաև պաշտպանիչ դիմակները պարտադիր դարձնելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։