«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ջղայնացել է լրագրողների վրա ու որոշել բոլորիս գրողի ծոցն ուղարկել, ինչ է թե իրեն անհանգստացնում ենք: Իշխանություններին բնորոշ անզուգական մուննաթով բացատրում է՝ ժամանակը ոսկի է, հարցազրույց տալ չի ցանկանում:

Հավաստիացնում է՝ կորոնավիրուսի օջախ դարձած քաղաքում ավելի կարեւոր գործով են զբաղված, քան լրագրողների զանգերին պատասխանելն է:

Սպորտսմեն քաղաքապետի՝ լրագրողներիս ուղղված «ձոնն» առանց խմբագրման ենք ներկայացնում. «Հարգելի լրատվամիջոցներ, մեր շտաբը զբաղված է էլ ավելի կարեւոր հարցերով, այլ ոչ թե պատասխանել ձեր զանգերին: Ոչ վաղ անցյալում մի շարք լռագրողներ, որ հայտնում էին, թե ցանկացած ծանր պահին ձեր կողքին ենք լինելու, ցավոք, ապրիլի 17-ից սկսած ոչ մի լրագրող Վարդենիս չի մտել: Նստեք ձեր շքեղ տնակներում եւ եղեք առողջ»:

Պարոնը, ըստ երեւույթին, ոգեւորվել է վերադասի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողներին «կատաղած» անվանելու «լայվից» ու որոշել հետ չմնալ «թրենդից»: Ավելի շուտ՝ վարչապետի աչքին բարձրանալու համար վերահաստատել է նրա խոսքերը: Լրագրողներս, իհարկե, սովոր ենք տարատեսակ մեկնաբանությունների ու պիտակավորումների, բոլոր ժամանակներում էլ իշխանությունը թշնամիներ է որոնել մեր շարքերում, բայց, անկախ քաղաքական գործիչների սեթեւեթանքներից, ուրախ ու ջղային պահերից, նյարդային վայրիվերումներից, մեր աշխատանքն ենք անում ու շարունակելու ենք անել:

Ինչքան էլ Փաշինյանը մեզ «կատաղած», իսկ Վարդենիսի քաղաքապետը՝ «դղյակների բնակիչ» որակավորումը տա, միեւնույն է, դրանից չենք ընկճվելու: Լրագրողն ու լրատվամիջոցն են որոշում՝ ինչպես ներկայացնել իրադարձությունը կամ խնդիրը, հետեւաբար, պարոն քաղաքապետ, վերանայեք Ձեր ոչ բարենպաստ աշխատաոճն ու առանց պիտակավորումների համագործակցեք լրատվամիջոցների հետ: Տնից դուրս գալով, թե առանց դրա, հեռախոսազանգով, թե նամակագրությամբ կկազմակերպենք մեր աշխատանքը, դա Ձեր մտահոգվելու խնդիրը չէ: Ձեր իսկ ոճով ասած՝ հանգիստ Ձեր գործին անցեք՝ զերծ մնալով մեզ լրագրության «մաստեր-կլասներ» տալու մոլուցքից. Ձեր ամենավերադասը՝ Փաշինյանը, դա լավագույնս է անում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 28.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել