Իրանցի գիտնականները Academic Radiology-ում հրապարակել են իրենց գիտական աշխատանքը, որի նպատակն էր պարզել՝ COVID-19-ի ֆոնին անոսմիան (հոտառության կորուստ) ուղեկցվո՞ւմ է արդյոք հոտառական կոճղեզում (ուղեղի հատված, որին ազդանշաններ են փոխանցում հոտառական նյարդերը) եւ հոտառական տրակտում (նյարդային մանրաթելեր, որոնք խորանում են ուղեղի մեջ) վնասմամբ: Դրա համար նրանք օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որի միջոցով սքանավորել են այս ախտանիշին բախված պացիենտի ուղեղը:

Հատկանշական է, որ գլխուղեղի՝ հոտառության համար պատասխանատու հատվածները վնասված չէին: Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ հետագա հետազոտությունները կարող են հայտնաբերել գլխուղեղում որեւիցե պաթոլոգիա:

ՄՌՏ պատկերներում հոտառական կոճղեզը նորմալ ծավալ ուներ, նորմայի մեջ էին նաեւ կոճղեզի եւ հոտառական տրակտի արտահայտվածության ինտենսիվությունը: Նույնպիսի պատկեր է եղել 2002-2003 թվականների հետազոտությունների տվյալներով. այդ ժամանակ եւս գիտնականները «ատիպիկ թոքաբորբի» ֆոնին հոտառության կորստով պացիենտների ուղեղում փոփոխություններ չէին գտել:

Գիտնականների խոսքով՝ COVID-19-ի ֆոնին անոսմիայի դեպքում հոտառական կոճղեզի ամբողջականության մեջ համոզվելու համար ապագայում անհրաժեշտ կլինի այս արդյունքները ստուգել այլ մեթոդներով, օրինակ՝ միաֆոնտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայով: Դրանից բացի՝ ավելի օբյեկտիվ պատկեր կապահովի հոտառության կորստով պացիենտների հետազոտությունը COVID-19-ի տարբեր փուլերում:

Հիշեցնենք, որ բժիշկները քանիցս հայտնել են, որ հոտառության եւ համի կորուստը COVID-19-ի բավականին տարածված ախտանիշ է: Ավելին՝ այս ինֆեկցիայի դեպքում այդ ախտանիշն ավելի հաճախ է ի հայտ գալիս, քան գրիպի եւ մրսածության դեպքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել