Հանրահայտ երգչուհի Ռիհաննան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտնելով, որ երաժշտությամբ զբաղվելու ժամանակ չունի, քանզի զբաղված է «աշխարհը կորոնավիրուսից փրկելով», գրում է Fox News-ը։
Անցյալ ուրբաթ ինստագրամյան ուղիղ միացման ժամանակ երկրպագուն 32-ամյա երգչուհուն հարցրել է՝ երբ է Ռիհանան պատրաստվում թողարկել իր նոր ալբոմը, ինչին ի պատասխան աստղն հայտնել է, որ ի տարբերություն Թրամփի՝ զբաղված է «կորոնավիրուսի դեմ պայքարով»։
«Ի տարբերություն ձեր նախագահի՝ ես փորձում եմ փրկել աշխարհը»,-ասել է երգչուհին։
Վերջերս հայտնի էր դարձել, որ Ռիհաննայի Clara Lionel հիմնադրամը 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն Direct Relief, Partners In Health, Feeding America հիմնադրամներին, Փրկության միջազգային կոմիտեին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի արձագանքման հիմնադրամին և այլ կազմակերպությունների։
Հաղորդագրությունում նշվում է, որ անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել մասնավորապես «մեկուսացած և աղքատ համայնքներին՝ նրանց, ովքեր ամենաշատը կտուժեն համավարակի հետևանքով»։
Նա նաև համագործակցել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի հետ՝ ընտանեկան բռնության զոհերին աջակցելու համար 4,2 միլիոն դոլար նվիրատվություն կատարելով։
Ավելի վաղ բրիտանական Vogue ամսագրի հետ խոսելով իր հաջորդ ստուդիական ալբոմի մասին՝ Ռիհանան հայտնել էր, որ «ամբողջ եռանդով» աշխատում է նոր ալբոմի վրա, բայց իր առջև վերջնաժամկետ չի դնում։
«Չգիտեմ՝ երբ պատրաստ կլինի, միայն կարող եմ ասել, որ ամբողջ եռանդով աշխատում եմ դրա վրա»,- ասել էր Ռիհաննան։