50-ամյա տնային տնտեսուհի Թերեզա Լինչը դիմել է ակնաբույժի՝ գանգատվելով աչքերի ցավից, նա ասել է, որ անընդհատ աչքերի մեջ օտար մարմնի առկայություն է զգում, եւ հատուկ կաթիլներն անգամ չեն օգնում։ Երբ ակնաբույժ Դանա Ռոբաեյը ուսումնասիրել է կնոջ կոպերը, բացականչել է․
«Աստված իմ, ես իմ ողջ կարիերայի ընթացքում նման բան չեմ տեսել»։
Բժիշկները վիրահատել են կնոջ աչքերը, վիրահատությունն ու սեւ գնդիկների հեռացումը մեկուկես ժամ է տեւել։
«Կոպերս ուռել էին, աչքերս ցավում էին, տհաճ զգացողություն ունեի, քանի որ անընդհատ հետաձգում էի բժշկի գնալը»,- պատմել է կինը։
Պարզվել է՝ կինը ամեն օր հաստ շերտով ներկել է թարթիչները թարթչաներկով եւ ոչ միշտ է լվացել։ Արդյունքում դրա գնդիկները հայտնվել են կոպերի տակ ու տարիների ընթացքում սերտաճել դրանց։
Լինչը կարող էր կուրանալ, քանի որ ամեն անգամ, երբ թարթել է աչքերը, թարթչաներկի գնդիկները վնասել են աչքերը։
Բժիշկ Ռոբաեյը, ով այս դեպքի մասին պատմել է Opthamology հանդեսին, խորհուրդ է տվել կանանց ամեն օր դեմքից հեռացնել շպարը քնելուց առաջ, քանի որ հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։
«Կանայք առանձնապես լուրջ չեն վերաբերվում շպարի մաքրմանը, սակայն անհրաժեշտ է դրան ուշադրություն դարձնել։ Այս դեպքն, իհարկե, բացառիկ է, նախկինում նման բանի չէի հանդիպել, սակայն նման վտանգ կա, հետեւաբար պետք է ավելի ուշադիր լինել»,- ասել է նա։