Հացի խնդիրը ՀՀ֊ում` գնալով դառնում է օրհասական։ Բողոքները գործող իշխանություններից ավելի են շատանում։ Հանրության մի հատվածն անտեսված է և այլևս հույս չունի թեկուզ միանվագ օգնություն ստանալ պետության կողմից` արտակարգ դրության պայմաններում։

Ճիշտ է, կառավարությունը որոշում է կայացրել հանրության բազմաթիվ շերտերի օգնություն ցուցաբերել, սկսած` բիզնես ոլորտից, վերջացրած` օրավարձով ապրող ծնողների երեխաներով, որոնց տարիքային շեմը ցածր է 18֊ից։

Այս վերջին փաթեթը մի քանի օր առաջ է ընդունվել, որը նախատեսում է ապրիլի 10֊ից հետո կյանքի կոչվել։ Եթե նույնիսկ համարենք, որ ուշացված չէ և արդարացված է միայն այդ ժամանակ սկսել միանվագ օգնություն բաժանելն, ապա ի՞նչ պետք է անի հանրության այն զգալի հատվածը, որը աշխատանքից զրկվել է` հետևելով կառավարության ցուցումներին և այդ տարիքի երեխաներ չունի։

Փաստացի այդ մարդիկ սկսել են մտածել, որ պետությունը կոպիտ ասած իրենց վրա թքած ունի, և չի հետաքրքրվում, թե ինչպես են իրենք ապրելու, խանութների նիսյաները փակվելու և իրենց ծնողներին կերակրելու։ Նրանք ի՞նչ մեղավոր են, որ ընդամենը բանվորություն (և ոչ միայն) անելով էին ապրում` արտակարգ դրությունից առաջ, իսկ հիմա այլևս չեն աշխատում և հացի խնդիր ունեն։

Մի՞թե ճիշտ է իշխանության կողմից անտեսել այս հատվածին, նրանք հայ չե՞ն, ծնող չունե՞ն, օդով ե՞ն սնվում։ Իշխանության կողմից նման գործելաոճը հղի է վտանգներով, քանի որ եթե հանրության այդ հատվածն աջակցություն չստանա կառավարության կողմից և սկսի սովի մատնվել, ապա այդ մարդկանց կողմից ապագայում արված ցանկացած քայլ գոնե իրենց համար արդարացված կհամարվի` անկախ նրանից, թե օրենքի սահմաններում կլինի դա, թե ոչ։

Հ.Գ. Առաջարկ կառավարությանը. հանրության այս հատվածի համար ևս աջակցության փաթեթ մշակեք և ընդունեք։ Մի բարդացրեք այն վիճակը, որն արդեն ունենք։ Պետության կողմից անտեսված և սոված մարդն ամեն բանի ընդունակ է։ Մի դրդեք հակաօրինական քայլերի այդ մարդկանց։ Նման պայմաններում հաց հայթայթելու միջոց չունեն նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել