168.am-ը գրում է․

Երեկ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև գյուղատնտեսության ոլորտին՝ ընդգծելով, որ կառավարության առաջիկա նիստում կընդունի գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր․

«Ինչպես և խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Իմիջիայլոց, գյուղատնտեսական գործունեությունն այս օրերին չպետք է արգելակվի, և ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետև նաև պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի է անտոկոս վարկերի տրամադրումը, բայց, ըստ նրա՝ կարևոր է, թե ովքեր այդ վարկերը կստանան․

«Նպատակին կծառայի՞, թե՞ ոչ։ Վարչապետը խոսեց կոոպերատիվների մասին, պարոն վարչապետին խորհուրդ կտայի, որ իր խորհրդականներին քիչ լսի։ Հիշեցնեմ, որ Վերահսկիչ պալատը երեք տարի առաջ մի ԾԻԳ-ում կոոպերատիվների հետ կապված լուրջ յուրացումներ բացահայտեց, 164 կոոպերատիվներ, որը ստեղծել էին Համաշխարհային բանկի գումարներով, անհետացել են։ Այդ գործերը գնացին դատախազություն, երեք քրեական գործ հարուցվեց դատախազությունում, բայց այդ մարդը կարողացավ դրա դիմացն էլ փակել, այսօր էլ կառավարության կազմում է։ Իմ հայտարարությունը հիմնվում է Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքների վրա»։

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարել ՏՄՊՊՀ ներկայիս նախագահ Գեղամ Գևորգյանի նախկինում ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:

Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:

ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել էր նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում էր, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել