Aravot.am-ը գրում է․
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Գյումրու Տեքստիլագործների թաղամասում մեկ շաբաթ առաջ 42-ամյա կնոջ սպանության ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու քրգործից։
Դատախազը նշեց, որ կալանավորված 28-ամյա երիտասարդը հարցաքննվել է, նա մեղադրանքը չի ընդունում․ առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց։
«Բայց մենք ունենք ձեռք բերված բավարար ապացույցներ, որոնք մեզ հիմք են տվել տվյալ անձին մեղադրանք առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի և 14-րդ կետերի հատկանիշներով։ Ունենք հարցաքննված մի քանի անձինք, որոնք ցուցմունք են տալիս նրա կողմից տվյալ հանցագործությունը կատարելու մասին», -ասաց դատախազը։
Նա նշեց, որ հարցաքննվել են կատարողի մայրն ու հայրը։ Նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք վկայում են, որ նշված անձը դիտավորյալ մարմնական վնասվածք է պատճառել տուժողներին։
«Նրանք ներկա չեն գտնվել, դեպքից անմիջապես հետո է կատարողն ահազանգել իր մայրիկին, մայրը գնացել է, և այդ պահին ինքը մոր ներկայությամբ խոստովանել է նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը։ Նա կնոջը ծեծի է ենթարկել գիշերվա ժամերին՝ 02․00-ի սահմաններում, բայց տուժողի մահն արձանագրվել է ժամը 14․30 սահմաններում, դրա համար մենք մեղադրանք են առաջադրել ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը»,-ասաց դատախազը։
Ըստ գործում առկա տվյալների, սկզբում ծեծի է ենթարկվել մայրը, պատճառը եղել է խանդի հողի վրա առաջացած վիճաբանությունը։ Նշված վիճաբանությանը փորձել է մասնակցել 12-ամյա երեխան, որպեսզի թույլ չտա մորը ծեծի ենթարկեն, այդ պահին 28-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել նաև։
Կարեն Գաբրիելյանի ասելով, իրենց ունեցած տվյալներով, կատարողը մարմնական վնասվածքները հասցրել է ձեռքերով։
«Մենք դեպքի վայրում չենք հայտնաբերել այնպիսի իրեր ու առարկաներ, որոնց վրա կլինեին արյան հետքեր կամ մազի նմուշներ։ Ընդ որում` նշված անձի ձեռքերի վրա մենք ունենք ֆիքսված մարմնական վնասվածքներ»,- ասաց դատախազը։
Արդյոք սթափ վիճակում է կատարե՞լ հանցագործությունը, դատախազն ասաց, որ իրենք որոշում են կայացրել տվյալ անձից նմուշներ ստանալու համար, սակայն նա հրաժարվել է տալ։ Օրենքն էլ, ըստ դատախազի, թեև նշում է, որ ինքը պարտավոր է նմուշներ տալու, սակայն չտալու դեպքում չունեն մեխանիզմ դրանք ստանալու։
«Ո՞նց եք պատկերացնում, եթե իր կամքին հակառակ արյան նմուշ վերցնենք, ստացվում է, որ խոշտանգում ենք իրեն։ Նրա խմածության աստիճանը կորոշվի ՝ ըստ անձանց ցուցմունքների։ Եթե մենք ունենանք ցուցմունքներ, որոնցով կհաստատվեն, որ տվյալ անձը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, մենք նրա մեղադրանքում կավելացնենք, որ ալկոհոլի ազդեցության տակ է կատարել նշված հանցանքը»,-ասաց Կարեն Գաբրիելյանը։
Տղամարդը, ըստ դատախազի, հաշվառման մեջ է գտնվում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ հարցում են կատարել, նա նարկոդիսպանսերում հաշվառված չէ, հաշվառված է հոգեբուժական կաբինետում։
Մեղսունակության հարցը պարզելու համար նշանակելու են դատահոգեբուժական փորձաքննություն։
Նա նախկինում 4 անգամ դատապարտվել է տարբեր տեսակի հանցագործություններ կատարելու համար, որոնցից երկուսը հափշտակություններ կատարելու, մեկը՝ սպանության սպառնալիք հասցնելու, մյուսն՝ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու։
Այդ գործերի շրջանակներում նշանակվել են դատահոգեբուժական փորձաքննություններ, փորձագետների կողմից փաստվել է, որ մեղսունակ է։
Հարցին՝ խոսակցություններ կան, որ հնարավոր է երեխային սեռական բռնության ենթարկած լինի, կա՞ն տեղեկություններ, դատախազն ասաց․ «Այս պահին քրեական գործով մենք որևիցե նման տվյալ չունենք, բայց քննության առարկա կդարձնենք նաև այդ հանգամանքը, երբ որ կհարցաքննենք երեխային, ընդ որում երեխայի հարցաքննությունը պլանավորում ենք կատարել հոգեբանի, համապատասխան մասնագետների, նրա հարազատների, մանկավարժի մասնակցությամբ, երբ որ մենք կունենանք նման տվյալներ, այդ ուղղությամբ նույնպես անհրաժեշտ գործողություններ կկատարվեն, թեկուզ կնշանակվի անհրաժեշտ փորձաքննություն», -ասաց դատախազը։
Հարցին՝ մինչ այդ ծեծկռտուք եղե՞լ է․ կա տեսանյութ, որտեղ հարազատները, որդին նշում են, թե ոստիկանություն են դիմել, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց, որ հանել են նշված անձի վերաբերյալ դատվածության տեղեկանքը, որով պարզվել է՝ նա նախկինում 4 անգամ դատապարտվել է, երկու անգամ էլ նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնք կարճվել են հաշտության հիմքով։ Ի դեպ, վերջինս խուլիգանություն է կատարել նաև քննչական բաժնում, բռնություն է գործադրել, չէր ենթարկվել քննիչներին։
Հարուցվել է քրգործ, որն ուղարկվել է դատարան ու դատարանի կողմից արդարացվել է։
Մի անգամ համաներմամբ է ազատ արձակվել, մի անգամ էլ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Դատախազը մի շատ կարևոր տեղեկություն տվեց․ քրգործերից մեկը հարուցվել է 2016 թվականի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով , որով տվյալ անձը ծեծի է ենթարկել այս տուժողին։
«Խոսքն այս տուժողի մասին է, նրան դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք, քանի որ հետագայում մեր տուժողը բողոք չի ներկայացրել , որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին։ Տուժողից եղել է բողոք, սակայն հետագայում հաշտվել են, հաշտության պայմաններում մենք չենք կարողանում վարույթը շարունակել», -ասաց դատախազը։
Նա ասաց, որ իր կողմից օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ պարզելու, թե նախկինում նշված անձի կողմից տուժողների նկատմամբ բռնության դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցներով ու հարևանների, հարազատների, երեխայի ուսումնական հաստատության աշխատակիցների, դասընկերների շրջանակում անցկացվող օպերատիվ հարցումներով պարզվեն, որ պարբերաբար բռնության են ենթարկվել նրանք, երիտասարդին մեղադրանք կառաջադրվի նաև խոշտանգման հատկանիշներով։
Դատախազն ասաց՝ եթե պարզվի, որ ոստիկանությունն այս դեպքում անգործության է մատնվել, ապա քրեաիրավական գնահատական կտրվի նաև ոստիկանների արարքին։
Հարցին՝ երիտասարդն ամուսնացա՞ծ է, կան տեղեկություններ, որ նա սպանության սպառնալիք է հնչեցրել իր զոքանչին, դատախազն ասաց, որ պաշտոնապես ամուսնացած չի եղել, իսկ 42-ամյա կնոջ հետ գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։
Կարեն Գաբրիելյանն անդրադարձավ հարուցված քրեական գործի հոդվածին․ քրգործ հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 14-րդ կետի հատկանիշներով։ Քննադատություններ կան, որ հոդվածը մեղմ է, ու մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար։ Դատախազն ասում է, որ նման ընկալումները ճիշտ չեն․ քրգործը հարուցվել է ոչ թե անզգուշությամբ հանցագործություն կատարելու, այլ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։ Ըստ դատախազի, այս մեղադրանքը կրում է նախնական բնույթ։
«Մի շարք օգտատերերի կողմից տարըմբռնումներ են կատարվել այն առումով, որ մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ հանցագործությունը կատարելու համար։ Նշված տարըմբռնումը փարատելու համար հետևյալ մեկնաբանությունը տամ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի սուբյեկտիվ կողմը բնութագրում է միայն ուղղակի դիտավորությամբ։ Նշված հանցանքը կատարվում է միայն դիտավորությամբ, անձին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ հանցանքը կատարելու, իսկ 14-րդ կետը քանի որ ունի մի շարք ծանրացնող հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել, որ առաջացրել է անզգուշությամբ մահը։ Այդ ձևակերպումը տրվել է՝ ելնելով Քրեական օրենսգրքի դիսպոզիցիայի բնութագրից, բայց դա չի նշանակում, որ մեղադրանք է առաջադրվել անզգույշ հանցագործություն կատարելու համար։ Նորից եմ նշում, Քրեական օրենսգրքի 112 հոդվածը բնութագրում է մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, և նշված հոդվածի 2-րդ մասն ունի մի շարք ծանրացնող հանգամանքներ, այդ թվում և 14-րդ կետը»։
Դատախազը նշեց, երբ կստանան դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ինչպես նաև երեխայի նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքները, կունենան վնասվածքների տեղակայումը, բնույթը, ներգործության աստիճանը, միգուցե իրավական անհրաժեշտություն առաջանա հոդվածը փոխելու։