«168 ժամ» թերթը գրում է. «Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեեւ բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։
Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար մակարդակով տիրապետելու իրողությունը, ինչն ավելի էր ընդգծվում Ալիեւի խոսքի ֆոնին։ Տեսանելի էր նաեւ Նիկոլ Փաշինյանի լարվածությունը, որն արտահայտվում էր ժեստիկուլյացիայով, անկանոն շարժումներով։
Իսկ քննարկման բովանդակային հատվածում Հայաստանի վարչապետը թույլ տվեց բազմաթիվ սխալներ՝ ինչպես պատմական հղումների, այնպես էլ՝ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի ներկայացման առումով։ Այդպիսի վրիպումները բազմաթիվ էին, սակայն ամենաբովանդակային բացթողումը, թերեւս, այն էր, որ քննարկման ողջ ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից այդպես էլ որեւէ բառ չարտասանվեց ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը հակամարտության կարգավորման մեր՝ հայկական կողմերի հիմնական կռվանն է։ Եվ, ցավալիորեն, ազգերի ինքնորոշման մասին ձեւակերպում հնչեց միայն Իլհամ Ալիեւի կողմից՝ հանդիպման վերջում, հեգնական համատեքստում, որին, ցավոք, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համարժեք արձագանքել։
Այդ քննարկման հետ կապված միակ մխիթարական իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահն էլ առանձնապես չփայլեց իր պատրաստվածությամբ եւ մնաց իր երկրի կողմից արդեն շուրջ 30 տարի թմբկահարվող ու աշխարհին հոգնեցրած ձեւակերպումների տրամաբանության շրջանակներում։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա քննարկմանը նրա մասնակցությունից ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ նա այդ միջոցառմանը գնացել էր անպատրաստ՝ բառի լայն եւ նեղ իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետությունների ղեկավարների մասնակցությունը պետք է ունենա, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հենք, այսինքն՝ պետական համապատասխան կառույցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պետք է նախապես աշխատեն երկրի ղեկավարի խոսքի, շարժուձեւի, ընդդիմախոսի հետ հնարավոր հարցուպատասխանի, բանավեճերի տարբեր սցենարների վրա։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման որեւէ աշխատանք չէր տարվել։ Դժվար է ասել՝ ինչ պատճառով։
Հավանական է թվում այն տարբերակը, որ Փաշինյանն իրեն համարում է ամենագիտակ նաեւ ղարաբաղյան հարցում եւ հրաժարվել է համապատասխան աջակցությունից, ինչի արդյունքում նրա խոսքը մեզ համար կենսական նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության հարցում թողնում էր խիստ մակերեսային, ուսանող պատմաբանի մակարդակի խոսքի տպավորություն։ Գլոբալ առումով այդ երեւույթի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային կերպար է, եւ դա արտահայտվում է նրա գործունեության գրեթե բոլոր ասպեկտներում։
Սա չափազանց վտանգավոր իրողություն է, քանի որ, եթե ներքին հարցերում կարելի է հանդուրժել դիլետանտիզմն ու պոպուլիզմը, ապա արտաքին քաղաքականության ասպարեզում դա ուղղակի հղի է կործանարար հետեւանքներով։ Բայց կա եւս մեկ կարեւոր նրբերանգ. ո՞վ կամ ովքե՞ր են, որ կարող են ի պաշտոնե կամ ղեկավարին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այս իրողությունների մասին ասել Նիկոլ Փաշինյանին։ Նրա շրջապատը զբաղված է արտասանված ամեն մի տառի փառաբանմամբ, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուներից չափազանց դժվար է ակնկալել թերությունների ու բացթողումների մասին Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու համարձակություն։
Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը կարդալու է իր թիմակիցների գովաբանությունն ու տեսնելու է արտաքին քաղաքականության պատասխանատուների հպատակ ժպիտները, քննադատությունները վերագրելու է «պետության դավաճաններին» եւ համակվելու է զգացողությամբ, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել եւ բարոյական հաղթանակ է արձանագրել Ալիեւի նկատմամբ։
Այդ պատրանքը նրան խանգարելու է վերադառնալ իրականություն, ընդունել սեփական սխալները, եւ նա նույն ոգով շարունակելու է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Իսկ դա վտանգավոր է։ Չափազանց վտանգավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։