Panorama.am-ը գրում է.

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ վերջին տվյալների, 125 տեղանոց Մեջլիսում 71 տեղը ստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Մյուս տեղերը զբաղեցրել են փոքր կուսակցությունները կամ անկախ թեկնածուները, որոնք լոյալ են տրամադրված Ալիևի կուսակցությանը։

Այս արտահերթ ընտրությունների անցկացումը Ալիևը մեկնաբանում էր մոդերնիզացիայի, փոփոխությունների, արևմտյան կրթություն ստացած մարդկանցով խորհրդարանը համալրելու պահանջներով։ Սակայն, ինչպես երևում է արդյունքներից, շատ բան ու շատ մարդիկ չփոխվեցին ընտրությունների արդյունքում։ Ընտրությունները չի կարելի համարել նաև կառավարության վստահության քվե, քանի որ նախորդ՝ 2015թ․-ի ընտրություններից մոտ 10 տոկոսով պակաս էր մասնակցությունը։

Կարծիք կա, որ Ալիևը ցանկանում էր այս ընտրություններով առավել ժողովրդավար երևալ՝ հատկապես Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային համակրանքը չլինի «ժողովրդավար Հայաստանի» կողմից։

Ընտրությունների անցկացումը ևս նախկիններից առանձնապես չտարբերվեց․ կիրառվեցին ստանդարտ կեղծիքներ՝ լցոնումներ, ընտրական կարուսել, ահաբեկումներ, ինչն արձանագրեցին նաև միջազգային դիտորդները։

Այսպես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ),  ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների նախնական զեկույցում ասվում է, որ չնայած մեծ թվով թեկնածուների մասնակցությանը (մոտ 1300)՝ ընտրությունները չեն եղել մրցակցային, ժողովրդավարական, ընտրություններում արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի համատարած խախտումներ, մեդիան համաչափ չի ներկայացրել թեկնածուներին, և որ սահմանափակող օրենսդրությունն ու քաղաքական միջավայրը կանխել են իսկական մրցակցային ընտրությունները երկրում։

Հետաքրքրական է դիտորդական առաքելության զեկույցի այն հատվածը, որում ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովն անդրադառնում է «ներքին տեղահանվածների ընտրական իրավունքին» և ասում, թե  գիտակցում է՝ «ինչ ազդեցություն ունի Հայաստանի հետ հակամարտությունն այս երկրում ընտրությունների կազմակերպման վրա և գնահատում է արված ջանքերը՝ ապահովելու ներքին տեղահանվածների մասնակցությունն ընտրություններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել