Politik.am-ը գրում է.
Մինչ իշխանությունները և նրանց սպասարկող մեդիան փորձում են հանրությանը համոզել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանցագործություն է գործել մեզ հաջողվեց հետաքրքիր մանրամասններ ճշտել այս գործով իշխանոթյան համար կարևորագույն վկայի՝ Ալվարդ Մելքոնյանի մասին։
Նախկին իշխանությունների հանցավորություններից դժգոհող նոր իշխանությունները պարզվում է կրկին քրեական գործ են հարուցել հենվելով խիստ կասկածելի անցյալ ունեցող մարդու ցուցմունքի վրա։ Եվ եթե նոր իշխանությունների բառապաշարով առաջնորդվենք, ապա կարելի է քիչ ավելի խիստ բնորոշումներ տալ, բայց մենք զերծ կմանանք այդ գայթակղությունից։
Պազրվում է Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործողություններից «տուժած» անձը հասարակության շրջանում հայտնի է ««Ամենայն հայոց թալանչի» նոտար» մականվամբ։ Այս մասին ժամանակին հրապարակում է եղել «Լրագիր» պարբերականում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կատարել է Երևանի Արամի փողոցի 72-80 շենքի բնակիչների պահանջը և պաշտոնից ազատել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին, ինչպես նաև նրա դեմ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
Շենքում բնակարանների գնման գործին խառնված են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց ու իրենց ազգականների անուններով մի շարք բնակարանների տեր են դարձել: Մասնավորապես, բնակիչներին հաջողվել էր բացահայտել ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի անունը:
Շենքի խաբված բնակիչները պնդում են, որ ոստիկանությունը չէր կարող տեղյակ չլինել սույն նոտարի գործունեության մասին, քանի որ նա օրը ցերեկով մեկ օրում մի քանի կնիք էր օգտագործում պայմանագրերը կնքելու համար:
Խաբված բնակիչները Ալվարդ Մելքոնյանին «ամենայն հայոց թալանչի» և «թալանի ամենամեծ մասնագետ» են անվանում: Ալվարդ Մելքոնյանը երիտասարդ տարիքում է համակարգում աշխատանքի անցել: Ըստ որոշ տեղեկությունների` դեռևս 20 տարի առաջ էլ նրա դեմ դատական գործեր են եղել:
Շենքի խաբված բնակչներն իրենց պայքարը շարունակում են: Չնայած Սերժ Սարգսյանը նրանց խոստացել էր, որ բնակարանների հարցը կլուծվի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր բնակիչները բողոքի ակցիա են արել ֆինանսների նախարարության մոտ, քանի որ այս հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է: Նախարարը բնակիչներին խոստացել է, որ վաղը կառավարությունը որոշում կընդունի իրենց խնդրի վերաբերյալ: «Ասեց` ձեզ վաղը ժամը 1-ին պատասխան ենք տալու: Մենք էլ հարցրինք` տղամարդու խոսք ես տալի՞ս, ասեց` հա»,- տեղեկացրին բնակիչները:
Ըստ Սերժ Սարգսյանի հանձնարարականի` Լոգիկոն բիզնես-կենտրոնը պետք է իր կիսակառույց շենքերից մեկն ավարտին հասցնի ու մարդկանց այնտեղ տեղավորի: Բայց, մինչ այդ, կառավարությունը պետք է հարկերից ազատի ընկերությանը, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներն արագ ավարտին հասցնել:
Բնակիչները նաև դատական կարգով են փորձում վերականգնել իրենց խախտված իրավունքները: Նրանք միջնորդություն են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` կառուցապատողներից նախկին ոստիկան Սիմոն Աղազարյանի դեմ: Սակայն արդեն մի քանի նիստ է` Աղազարյանը դատարան չի ներկայանում` առողջական խնդիրների պատճառով»,-ասվում է հոդվածում:
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ալվարդ Մելքոնյանը հին հաշիվներ ունի Հրայր Թովմասյանի հետ և նրա պնդումները առնվազն լուրջ չի համարել անառարկելի ճշմարտություն։ Ըստ էության իշխանությունները գտել են մի նոտարի, որը բնակիչների պահանջով և այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրինական որոշմամբ զրկվել է նոտարի պաշտոնից։ Իշխանությունները նրան առաջարկել են համագործակցել ու «վրեժ լուծել» նախկին նախարարից, որը հիմա էլ ՍԴ նախագահ է ու չի ենթարկվում գործադիր իշխանությանը։ Իսկ պլանի հաջող իրականացման դեպքում Ալվարդ Մելքոնյանը կարող է նաև պարգևատրվել՝ պետական պաշտոնի տեսքով։