«Գտնված երազ»՝ մուլտֆիլմ, որին շատ երկխոսություններ պետք չեկան իր երազային փիլիսոփայությունը մեծից փոքր հասցնելու համար։ Այս մուլտֆիլմը մինչ օրս կարելի է փայլփլուն աչքերով նայել ու ամեն անգամ սովորել, որ պարզության մեջ ավելի շատ խորություն կա, քան երկար ու բարակ բարդացված ստեղծագործություններում։ Առաջարկում ենք վերհիշել հեքիաթային այդ մուլտֆիլմի մի քանի մտքեր, որոնք ձեզ կտեղափոխեն հայտնի «նկարի մեջ»։ 

– Դու դեռ չե՞ս քնել, չէ՞ որ արդեն գիշեր է:
- Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա՝ որտե՞ղ են նրանք ապրում:
- Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
- Իսկ դո՞ւ:
- Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
- Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն․․․

                                                                               ****

- Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
- Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…

                                                                             ****

- Իսկ դո՞ւ ով ես:
- Ե՞ս: Աղջիկ:
- Աղջի՞կ: Իսկ ի՞նչ է այդ:
- Այդ ես եմ:

                                                                           ****

- Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
- Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
- Ինձ օգնեցին թիթեռնիկները:
- Ուրեմն, դու կարող ես մտնել նկարի մե՞ջ:

                                                                          ****

- Սա ի՞նչ է:
- Սա՞: Նկար:
- Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
- Որորվհետև այս նկարում գիշեր է:
- Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
- Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
- Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

                                                                         ****

- Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ…
– Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել