Ցավով նկատեցի, որ այսօր կրկին մերոնք տրվել են ադրբեջանական քարոզչամեքենայի՝Պուշկինի ստեղծագործության «Ты трус, ты раб, ты армянин!» կոնտեքստից կտրված և լրիվ հակառակ էֆեկտի հզորությամբ ամբողջությամբ մեզ վրա շուռ տված տողերի սադրանքին: Ուզում եմ մի փոքր ներկայացնել իրականությունը:

Պուշկինը բոլորովին այլ բան է ասել , բոլորովին այլ իրավիճակ է եղել...

Պուշկինը Անդրկովկասից վերադառնալուց անմիջապես հետո՝ 1829թ.-ի վերջերին, 1830թ.-ի սկզբներին, սկսում է աշխատել մի պոեմի վրա, որի անունն է «Տազիզտ»: Այս պոեմն անմիջականորեն կապված է Կովկասում շրջագայության ընթացքում իր տպավորությունների հետ:

Պոեմի սյուժեի հիմքը հոր և որդու միջև եղած տարաձայնությունն է, որի հիմքը ընտանեական ողբերգությունն է:
Պուշկինի հերոսոների անունները` Ղասուբ ( նույն ինքը՝ Ղասաբ, որը նշանակում է գիշատիչ, ավազակ և այլն) և Թազիթ (Թազա, որը նշանակում է նոր, թարմ, երիտասարդ և այլն), նույնպես վերցված են այնպես, որպեսզի ավելի բնութագրող լինի:

Պոեմում հայր ու որդի մեծացել էին հին սովորույթների, ավանդույթների մթնոլորտում, որոնք վաղուց արմատավորվել են լեռնային միջավայրում: Բայց Թազիթը ավելի շատ վերցնում է նրանց մեջ եղած լավն ու մարդասիրականը, չի վերցնում և ընդունում իր ցեղի այն ավանդույթները, սովորությունները, որոնք կապ ունեն դաժանության հետ: Այս հանգամանքն ի հայտ է գալիս հոր և որդու խոսակցության երեք դրվագում:

Հանդիպելով Թիֆլիսի հայ վաճառականին, որը ճանապարհ էր ընկել մենակ և առանց պահակների, Թազիթը չի հարձակվում նրա վրա, որպեսզի թալանի հայ վաճառականին: Մեկ այլ անգամ, երբ նրանց տնից փախչում է ծառան, Թազիթը նրան չի վերադարձնում և պատժում: Եվ վերջապես, Թազիթը չի սպանում իր եղբորը սպանող մարդասպանին, քանի որ «մենակ էր, վիրավոր էր և անզեն»:

Հենց այստեղ, լսելով Թազիթի պատասխանը, հայրը` Ղասուբը, զայրանում, հայհոյում է որդուն՝ վտարելով նրան «արյան պարտքը» մոռանալու համար և ասում հետևյալը.

«Գնա գրողի ծոցը, դու իմ որդին չես,
Դու չեչեն չես, ծեր կին ես,
Դու վախկոտ ես, ստրուկ ես, հայ ես»:

Այս ստեղծագործությունն ամբողջությամբ ընկալելու համար պարզապես պետք այն կարդալ, ու պարզ կդառնա, որ Թազիթը դրական կերպար է, մարդասեր, ում նմանեցնում են քրիստոնյայի (հայի), քանի որ նա չի հարձակվում անզեն, վիրավոր և միայնակ մարդկանց վրա, իսկ ահա Ղասուբն այն կերպարն է, որին մենք այսօր թուրք ենք ասում:
Պուշկինն անուղղակի փաստել է, որ դեռևս 19-րդ դարում մուսուլման ցեղերն իրար հայհոյելիս օգտագործել են հայի անունը՝ որպես հայոհանք... Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, գոնե իմացեք ինչ, ոնց ու նոր տրվեք ադբեջանական քարոզչամեքենայի սադրանքներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել