Armdaily.am-ը գրում է․

Ծաղրանկարը լրատվական ժանր է, կարևորը՝ բոլորի նկատմամբ լինի, հավասարահեռ լինի և վիրավորական չլինի։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանն, անդրադառնալով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակված ծաղրանկարին, որում թիրախավորված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարում ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչները։

«Էսօր թեման «Վերնատունն» էր, դրա համար էլ այդ թեմայով ենք արել։ Հումորն էլ է չէ՞ ժանր։ Դա ուղղակի պետք է որպես թեթև հումար ընկալել, նրանք ովքեր սկսում են հումորը չընկալել՝ դա իրենց մասին վատ է խոսում։ Մենք պետք է մի քիչ թեթև նայենք ամեն ինչին, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, մի քիչ մեզ պետք է կողքից նայենք։ Եթե ամեն ինչին էդքան լուրջ ու ներվային վերաբերվենք՝ կհասնենք այնտեղ, որտեղ միշտ հասնում ենք»,-ասաց Ղազարյանը։

Նշենք, որ ծաղրանկարը շատերը վիրավորական էին ընկալել։ «Վերնատան» անդամներից ոմանք պահանջել են ներողություն խնդրել ծաղրանկարի համար։ Նրանք նշում են, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոց է, որը պետք է հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի, այլ ոչ թե ընդդիմադիրների հակաքարոզչությամբ կամ ծաղրանքով զբաղվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել