Pastinfo.am-ը գրում է.

Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու և ինչ-որ իրավախախտումներ կամ ընթացակարգային խախտումներ հայտնաբերելու համար, որպեսզի վերջինս չքննադատի քաղաքային իշխանությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ վերջինս բավականին կոշտ է քննադատում։

Անանյանի խոսքով՝ շաբաթ օրվա դրությամբ Բաղդասարյանի ազատ տեղաշարժը ապօրինի արգելափակված է եղել։

«Պարոն Բաղդասարյանը ցանկացել է բուժման նպատակով կնոջը ուղեկցել Եվրոպական երկիր, սակայն անակնկալի է եկել, քանի որ սահմանապահները հայտնել են, որ նրա ազատ տեղաշարժումն արգելափակված է Ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից, սակայն պարոն Բաղդասարյանը որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել և նրա նկատմամբ ընտրված որևէ խափանման միջոց չի եղել»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ հենց «Զվարթնոց» օդանավակայանում հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ, քանի որ առանց իրավական հիմքի արգելանք է դրվել Բաղդասարյանի ազատ տեղաշարժման վրա, ինչը պատճառ է դարձել գնված տոմսի կորստին։

Նրա խոսքով՝ օդանավակայանում կատարված իրադարձության հաջորդ օրը ՔԿ ՀԿԳ վարչության կողմից հրավիրվում են հարցաքննության ու մեղադրանք առաջադրել։ «Մենք անմիջապես ներկայացել ենք ծանուցագրով։ Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք են առաջադրել․ առանց նրան խոսքը լսելու, մեղադրանքի որոշումն արդեն սեղանին դրված էր»,- նշեց Անանյանը։

Վարչական շրջանի նախկին ղեկավար Բաղդասարյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել ցուցմունք տալուց։ Անդրադառնալով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությանը՝ Անանյանը նշեց, որ դա բացառիկ խափանման միջոց է, որը պետք է կիրառվի այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները ի զորու չեն ապահովել անձի պատշաճ վարքագիծը։ «Առանց որևէ հիմքի, որ պարոն Բաղդասարյանը կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը՝ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասաց Հրանտ Անանյանը։

Նրա խոսքով՝ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված դրվագներից մեկի կապակցությամբ քննությունն ընթանում է 2019թ․-ի ապրիլից և այդ դրվագով պարոն Բաղդասարյանը պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։ «Թեև նրան վկայի կարգավիճակով էին հարցաքննում, սակայն պարզաբանում էին նաև կասկածյալի և մեղադրյալի իրավունքները, որովհետև հարցեր են ուղղված եղել հենց իրեն։ Նա սթափ գիտակցել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար եղել է թիրախ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ քննության ամբողջ ընթացքում վերջինս պարբերաբար մեկնել է երկրից և վերադարձել՝ ցուցաբերելով կարգապահություն քրեական հետապնդման մարմինների հետ հարաբերություններում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ սահմանելով 3 մլն դրամ։ Հիշեցնենք, որ Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,314-րդ հոդվածի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել