Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատել փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ:
Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները:

Երկուստեք կարևորվել են գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվել է հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում:

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել