«Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը շատ ակտիվ վարվել էր, երեխան արհեստական շնչառության սարքին էր միացված, և հզոր բուժման շնորհիվ հաջողվեց կենսական գործառույթները քայլ առ քայլ վերականգնել»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Քայլ առ քայլ. բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը՝ փոքրիկի կյանքը փրկելու համար: Արվինն արդեն շնչում է ինքնուրույն, ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ:
«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք, կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- նշում է Արվինի մայրը:
Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:
«Ես այս քաղաքում առաջին անգամ եմ, և սա իմ առաջին փորձությունն է: Հենց առաջին օրն այս դեպքը պատահեց մեր երեխային, նա ընկավ, և այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես օտար քաղաքում եմ, ես չեմ ճանաչում ոչ ոքի, ես հուսահատ եմ, իմ որդին մահանում է, ես չգիտեմ ինչ անեմ»,- նշում է Արվինի մայրը:
Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքն զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից: Փոքրիկի բուժման ողջ ծախսն ստանձնել էր Երևանի քաղաքապետարանը:
«Մեջք-մեջքի մեզ հետ էին բոլոր հարցերում, և մենք շատ ուժեղ հույս ստացանք, ու չորս օրվա մեջ մեր տղան արդեն աչքերը բացեց, մեզ ճանաչում է, և դա բավականին մեծ ուրախություն էր մեզ համար: Հիվանդանոցում մեր երեխայի հետ վարվել են այնպես, ինչպես իրենց որդու հետ կվարվեին»,- պատմում է երեխայի հայրը՝ Արթին Վիքսոմը:
«Բոլորն ականջիս շշնջում էին՝ դուք ապահով տեղում եք, ձեր որդին ապահով ձեռքերում է, բոլորը սիրում են ձեզ, և նրանք այստեղ են, որ ձեզ օգնեն, և հաջորդ օրը ես հասկացա, թե որքան ընկերասեր են նրանք, կախարդական է ամեն ինչ, հրաշք է: Ես կարծում եմ, որ Աստված ցանկացավ, որ ես լինեմ այստեղ, սա իմ հարազատ քաղաքն է, ես հարգում եմ և երախտապարտ եմ բոլորին»,- նշում է երեխայի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
«Առաջին վայրկյանից Երևանի քաղաքապետարանը լրջագույնս ուշադրության կենտրոնում է պահել այս խնդիրը, և ես հայտարարում եմ, որ այս երեխայի բուժումն ամբողջովին երեխայի ծնողների համար իրականացվելու է անվճար. Երևանի քաղաքապետարանը հոգացել է բոլոր ծախսերը»,- ասում է Նիկոլայ Դալլաքյանը:
Փոքրիկի վիճակն այսօր դեռ գնահատվում է ծանր, բայց կայուն: Տղան բժիշկների խիստ հսկողության ներքո է:
Փորձությունները կմնան անցյալում, փոխարենը Արվինն իր հետ կտանի հայրենիքի անսահման սերը՝ հնարավորություն տալով զգալ հայկական արմատների ուժը՝ ասում է տիկին Վիքսոմը։
«Ես ուղղակի խնդրում եմ՝ աղոթեք մեզ համար, որ մենք լինենք պաշտպանված, ու իմ որդին շուտ կազդուրվի»,- նշում է Արվինի մայրը: