Armtimes.com-ը գրում է․
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
««Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։
Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Ուղևորները տաարհանվել են, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ծխահարության մասին ազդանշանը ստացվել է, երբ ինքնաթիռը դեպի թռիչքուղի է ընթացել։ Արդյունքում օդանավը դադարեցրել է տեղաշարժը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել, որի ընթացքում 8 մարդ է տուժել, 2-ը հոսպիտալացվել։