Tert.am-ը գրում է.

Ստամբուլահայ հասարակական-մշակութային գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսի խոսքով՝ 10 տարի անց Կոստանդնուպոլսի համայնքը կկարողանա իր ցանկությունն իրականացնել՝ պատրիարք ընտրել: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ մինչ այդ համայնքն անօրինական ձևով զրկված էր պատրիարք ունենալու հնարավորությունից:

«Եթե համայնքն իր պարտականություններին ու իրավասություններին ավելի ծանոթ լիներ, այդ վիճակին մենք չէինք հասնի: Ինչպես ասում են նման իրավիճակներում՝ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այս պարագայում էր, որ մի քանիսն անցած տարի նախաձեռնեցին  տեղապահի ընտրություններ, և ընտրվեց Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը: Բայց պետությունը չեղյալ համարեց այդ ընտրությունները: Հետո արդեն՝ Մեսրոպ պատրիարքի մահից հետո նորից անցկացվեցին տեղապահի ընտրություններ, և այս անգամ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը»,- հիշատակեց նա:

Րաֆֆի Հերմոն Արաքսը նշեց, որ տեղապահի «ընդհանուր օգնական», ապօրինի կերպով իրեն կարգած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տեղապահի ընտրություններում չհաջողեց, որովհետև անգամ նրա աջակիցները նկատել էին, որ ինքն իրեն «մաշել» է: 
«Նրանք ասում էին, որ այո՛, իրենք օրինական կերպով Աթեշյանի կողքին կլինեին, սակայն նա «մաշվել է», և եթե նրան աջակցեին, իրենք կկորցնեին իրենց հետևորդներին: Արդյունքում ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը»,- ասաց նա:
Ստամբուլահայ լրագրողի խոսքով՝ հիմա, սակայն, դեռ վաղ է ուրախանալու համար․ պատրիարքի աթոռի համար Մաշալյանի ընտրվելը «չարյաց փոքրագույնը» կլինի: «Դեռ ենթադրություն է, բայց կարծում եմ, որ Մաշալյանն էլ պատրիարք կընտրվի»,- ասաց նա՝ նշելով, որ այլ հարց կարող է առաջանալ, եթե անակնկալ նոր թեկնածուներ լինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել