Tert.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի խոսքով՝  ինքը հիմա չի կարող նշել այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք կանչվելու են ապրիլյան պատերազմի պատճառները պարզող հանձնաժողով: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող դա անել, քանի որ պետք է պահպանի գաղտնիության պայմանները, սակայն այդ մարդկանց շրջանակը շատերի համար պարզ է:

«Անուններ ես այս պահին չեմ տա: Դրանք այն մարդիկ են, որոնք այդ շրջանում զբաղեցրել են բարձր զինվորական պաշտոններ, եղել են պատասխանատուներ որոշակի շրջանակների և այլն, և այլն: Կոնկրետ անուններ մենք կտանք, երբ այդ մարդիկ հրավիրվեն, լինեն հանձնաժողովում»,- ասաց նա, ապա հավելեց, որ այս պահին իրենք կոնկրետ անուններ չունեն էլ:

Հարցին՝ հրավիրվելու է նաև պաշտպանության նախկին փոխնախարա՞րը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց․ «Պաշտպանության նախկին փոխնախարարը,  ներկայիս նախարար, նախկին նախարար․ որևէ մեկին կանչելու հարցում մենք կաշկանդված չենք: Բոլոր այն մարդիկ, որոնք ապրիլյան պատերազմի ընթացքում, դրան հաջորդող կամ նախորդող շրջանում զբաղեցրել են պաշտոններ և կարող են ունենալ տեղեկատվություն, այդ բոլոր մարդիկ հրավիրվելու են հանձնաժողով»,- ասաց նա:

Մեկ այլ հարցին, թե անհարմար իրավիճակ չի՞ ստեղծվում ներկայիս պաշտպանության  նախարարին հարցեր հնչեցնելիս և ինչ հարցեր են ընդհանրապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նրան ուղղում, ԱԺ պատգամավորը պատասխանեց․

«Դավիթ Տոնոյանը հանձնաժողովում չի եղել, և որևէ անձ այս հանձնաժողովում չի եղել: Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա սա «Իմ քայլը» չի, այլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն է, որտեղ ներկայացված է ամբողջ Ազգային ժողովը՝ և՛ Բարգավաճ Հայաստանը,  և՛ Լուսավոր Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց հանձնաժողովի գործառույթն է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը վերաբերում է Զինված ուժերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել