Երբ հեռավոր 1943 թ. 54-ամյա դերասան Չարլի Չապլինը հայտարարեց չորրոդ անգամ ամուսնանալու իր մտադրության մասին, բոլորն այդ նորությանը սկեպտիկորեն մոտեցան, ավելին՝ դերասանի հարսնացուն 36 տարի երիտասարդ էր Չապլինից։ Սակայն չարախոսների քննադատությունները տեղ չհասան, և ևս մի գեղեցիկ սիրո պատմություն կերտվեց։

Ունա Օ՛Նիլը ծնվել է ամերիկացի դրամատուրգ, Նոբելյան և Պուլիցերյան մրցանակների դափնեկիր Յուջին Օ՛Նիլի և գրող Ագնես Բոուլթոնի ընտանիքում։ Թեև վերջիններիս ամուսնությունը երկար չտևեց, հայրը չդադարեց հոգ տանել դստեր մասին։ Աղջիկը մեծացավ Նյու Յորքի կենտրոնում։ Նա մանկուց ոչնչի կարիք չի ունեցել և փայլուն կրթություն է ստացել։

Ունան բոհեմական շրջաններում էր ապրում և շատ ազդեցիկ արտաքին ուներ, հետևաբար չուներ երկրպագուների պակաս։ Նրան խնամում էր Թրումեն Կապոտեն։ Աղջիկը հանդիպում էր նաև գրող Ջերոմ Սելինջերի հետ։ 17 տարեկանում Ունան որոշեց դերասանուհի դառնալ. նա գործակալ գտավ, որն էլ իր հերթին փորձեց համոզել Չարլի Չապլինին աղջկան դեր տալ իր ֆիլմերից մեկում։

1942 թվականն էր։ Այդ ժամանակ Չարլի Չապլինը միայն հաջողակ դերասան չէր. նա կենդանի լեգենդ էր։ Սակայն անձնական կյանքում աստղը հաջողություններ չէր գրանցում. նա երեք անգամ ամուսնալուծվել էր, և ողջ Հոլիվուդը գիտեր, որ Չապլինն անտարբեր չէ երիտասարդ աղջիկների նկատմամբ․ առաջին երկու կանայք ամուսնության պահին ընդամենը 16 տարեկան են եղել։ Եվ ահա նա ծանոթացավ երիտասարդ և գեղեցիկ Ունա Օ՛Նիլի հետ։

Ինչպես պատմում էր ինքը՝ Չապլինը, երբ տեսնում էր աղջկա ժպիտը, վատ տրամադրությունն անհետանում էր։ Նա հիացած էր, սակայն ամենակարևորն այն է, որ նրա զգացմունքները փոխադարձ էին։ Թվում էր՝ նրանց միջև անդունդ կա՝ տարիքային 36 տարի տարբերությունը, սակայն Ունան ու Չապլինը դրան ուշադրություն չէին դարձնում։ Չապլինին գրավել էր ոչ միայն աղջկա գեղեցկությունը, այլև նրա սուր միտքն ու ուժեղ բնավորությունը։

Քչերն էին հավատում այս միությանը, սակայն ոչ մի բամբասանք, ոչ մի սուր հայացք ու Ունայի հոր սպառնալիքներով լի ոչ մի նամակ չկանգնեցրեց այս զույգին. 1943 թ. հունիսի 16-ին նրանք ամուսնացան։ Նորությունն այն մասին, որ Ունան ամուսնացել է Չապլինի հետ, շատ ցավեցրեց Սելինջերին. այդ ժամանակ նա ծառայության մեջ էր և հուսով էր, որ վերադառնալուց հետո առաջարկություն կանի աղջկան։ Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այդ ամուսնությունը 34 երկար տարվա պատմություն կունենա։

Ամուսնությունից հետո Ունան դերասանական կարիերայի մասին իր երազանքները մոռացավ և որոշեց իրեն ամբողջովին նվիրել ընտանիքին։ Դերասանը շատ անգամներ է ասել, որ Ունան կատարյալ կնոջ կերպար է, և որ իր բախտը շատ է բերել. «Ես շատ ուրախ եմ. վերջապես իմ կողքին հատնվեց իրական կին, այլ ոչ թե կին, որը կարիերա էր ցանկանում կառուցել։ Իսկապես, ես վստահ էի, որ, ի դեմս Ունայի, կինոն կորցրեց երգիծական հրաշալի դերասանի, սակայն ես չէի ցանկանում այդ մտքով կիսվել ոչ ոքի հետ»։

Ընտանիքում ծնվեց 8 երեխա։ Կրտսեր երեխան ծնվեց, երբ Չապլինը 73 տարեկան էր։ Ինչպես պատմում էին ընտանիքի ընկերները, նրանց տանը միշտ խաղաղություն էր տիրում, և ծնողները միշտ աջակցում էին երեխաներին՝ միաժամանակ չստիպելով նրանց անել այն, ինչը չէին ցանկանում։

Երեխաները արվեստի մարդիկ էին։ Որդին՝ Յուջինը, ժնևյան օպերայում ռեժիսոր էր, վավերագրական ֆիլմեր էր նկարահանում, իսկ այժմ Շվեյցարիայում Երգիծական կինոյի միջազգային ֆեստիվալի նախագահն է։ Մյուս որդին՝ Սիդնեյը, որոշ ժամանակ որպես դերասան աշխատեց, այնուհետև ընտրեց կինոպրոդյուսերի մասնագիտությունը։ Ավագ դուստրը՝ Ջերալդինան, մեծ հայտնիություն ձեռք բերեց. նա մինչ օրս նկարահանվում է ֆիլմերում։ Նրա դուստրը՝ Ունան, շարունակեց դինաստիան և դերասանուհի դարձավ։ Վերջինս նկարահանվել է նաև «Գահերի խաղ»-ում։

Մոտավորապես 1930-ականներին Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսեց Չապլինի մասին թղթապանակ հավաքել, որպեսզի հնարավորություն ունենա նրան երկրից վռնդելու. դերասանին կասկածում էին հակաամերիկյան գործունեության մեջ և ծպտված կոմունիստ էին համարում։ 1952 թ. Չապլինը Լոնդոն մեկնեց, որպեսզի իր նոր ֆիլմը ներկայացնի, և հենց այնտեղ էլ իմացավ, որ հետ մուտքը ԱՄՆ արգելափակված է։ Ունան օգնեց ընտանիքի ունեցվածքը Եվրոպա տեղափոխել և ավելի ուշ հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից։

Չապլինի ընտանիքը հիմնվեց Շվեյցարիայում։ Նրանք հազվադեպ էին իրենց տունը լքում, սակայն հաճախ նրանց այցելում էին ընկերներն ու արվեստի գործիչները։ Միայն 1972 թ. զույգը գնաց ԱՄՆ, քանի որ Չապլինին «Օսկար» պետք է շնորհվեր։ Չապլինը շարունակում էր աշխատել, սակայն կինոնկարներ նկարահանում էր արդեն Բրիտանիայում։ Նա սցենարներ էր գրում, նկարահանվում, ռեժիսորությամբ զբաղվում։ Իր գործունեության համար նա Եղիսաբեթ II-ի կողմից ասպետի կոչում ստացավ, իսկ կինը դարձավ լեդի Ունա Չապլին։

Չարլի Չապլինը մահացավ տանը, քնի մեջ, կյանքի 88-րդ տարում։ Մահից հետո կինը՝ Ունան, որոշ ժամանակով տեղափոխվեց Նյու Յորք, սակայն ավելի ուշ վերադարձավ Շվեյցարիա և մինչև մահն ապրեց իրենց նախկին տանը։ Նա մահացավ ամուսնու մահից 14 տարի անց՝ 66 տարեկան հասակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել