Hraparak.am-ը գրում է.

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։ 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ տարիներ շարունակ տարվող պաշտոնական տեղեկատվության համաձայն, 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք:

Գեղամ Պետրոսյանին կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրված, ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ, ո՞վ է նրա փաստաբանը․ «Հրապարակ»-ն այս հարցերի պատասխանները դեռ չի ստացել, սակայն խոսել ենք Գեղամ Պետրոսյանի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանի հետ։

Նա, հիշեցնենք, մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր։

- Պարոն Գրիգորյան, Ձեր նախկին տեղակալին են ձերբակալել՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով։ Ինչ-որ բան ունե՞ք ասելու այդ կապակցությամբ։

- Ոչ, չունեմ։ Երեկվա այդ հաղորդագրությունն իմ համար շոկ է։ Ու, ընդհանրապես, էդ մասին իմացել եմ երեկ՝ մամուլից։

- Ձեր տեղակալն էր, ի՞նչ հրահանգներ եք տվել այդ իրադարձությունների ժամանակ։

- Հեռախոսով ի՞նչ ըտենց բաներ բացատրեմ։ Մամուլով սարքել եք բան․․․ էդ մարդու վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Ընտանիքի վիճա՛կը հասկացեք։ Ըտենց բաներ հեռախոսով քննարկո՞ւմ են, 10 տարվա վաղեմության հարցեր են։ Միայն կարող եմ ասել, որ ոչ ոք ոչ մեկին հանձարարություն չի տվել։ Եթե հիշում եք դեպքերի այն ժամանակվա ընթացքը, կհասկանաք, որ էդ ցավալի իրադարձությունների զարգացումը բերեց էդ դեպքերին։

- Նկատի չունեմ սպանության հանձնարարությունը, ասում եմ՝ ինչ-ինչ դեպքի վայր մեկնելու հրաման եւ այլն։ 

- Ախր, էդ դեպքի վայր մեկնելու մասին նորից եմ ասում։ Ես այդ մասին երեկ եմ իմացել, որ ամսի 2-ին, ժամը 2-ին եղել է Պրոսպեկտի վրա։ Գեղամը դրա հետ ի՞նչ կապ ունի, ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ։ Ինքն էդ ժամին ըտեղ չէր կարող լինել, որովհետեւ մենք էդ ժամանակ արդեն տեղափոխված էինք Լեո, մարդկանց արդեն հետ էինք ուղարկում։

- Իսկ հավատո՞ւմ եք, որ կսպաներ։

- Ի՞նչ կապ ունի իմ հավատալ-չհավատալը։ Չէ։

- Ինչո՞ւ չեք հավատում։

- Որովհետեւ էդ մարդուն լավ եմ ճանաչում, հետը տասը տարի աշխատել եմ։

- Իսկ Ձեր աշխատակիցները «Մակարով» տեսակի ատրճանակներ ունեցե՞լ են։

- Ոստիկանությունում ընդհանրապես «Մակարով» տեսակի ատրճանակներ են։

- Մարտիմեկյան գործի շրջանակներում նորից հարցաքննվե՞լ եք։

- Ոչ։ Պահում են, երեւի՝ վերջում։

- Վստահ եք, որ Ձեզ կանչելու են։

- Եթե իմ տեղակալին ձերբակալում են, բնական է՝ կանչելու են։

ՀԳ․ Ներկայացնում ենք Զաքար Հովհաննիսյանի մահվան հանգամանքները՝ ըստ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը․

Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան, ծնվ. 30.08.1977 թ., ք. Երեւան, Գագարինի 68, բն. 100: Չի աշխատել: Զաքար Հովհաննիսյանը 2008 թ. մարտի 2-ին ժ. 01։30-ի սահմաններում հրազենային վնասվածք է ստացել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, ժ. 02։00-ին տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ պատահական ավտոմեքենայով, որտեղ էլ 02։55-ին մահացել է: Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 247 եզրակացության` Զ. Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք որովայնի առաջային մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետեւանքով առաջացած արյան զգալի կորուստը: Դիահերձման ժամանակ Զ. Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ:

Համաձայն դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության` Զ. Հովհաննիսյանի մարմնից հանված գնդակը գործարանային արտադրության, 9 մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Գնդակի վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերին: Դ. Պետրոսյանի, Հ. Հովհաննիսյանի, Զ. Հովհաննիսյանի դիակներից հանված գնդակներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն` պարզելու համար, թե կոնկրետ որ զենքերից են դրանք կրակվել:

Ըստ դատաձգաբանական թիվ 389 փորձաքննության եզրակացության` այդ գնդակները համեմատվել են ՀՀ տարածքում չբացահայտված հանցագործություններով դեպքի վայրերից վերցված, հանրապետական գնդակապարկուճադարանում հաշվառված գնդակների հետ: Համեմատության արդյունքում համընկնումներ չեն հաստատվել, ինչի պատճառով էլ հնարավոր չէ պատասխանել այն հարցին, թե ում պատկանող զենքերից են կրակվել այդ գնդակները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել