«Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են: Իհար­կե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչ­պիսի արդյունավետությամբ կարող է աշխա­տել կամ արդյոք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ: Փաստն այն է, որ խորհրդարանա­կան քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուց­վածքը ոչ թե խորքային վերլուծությունների, հաշվարկների արդյունք է, այլ ինտուիցիայի հետևանք: Եթե հիշում եք, արդարադատու­թյան նախարար Արտակ Զեյնալյանը հենց այդպես հիմնավորեց, թե ինչու է կառավա­րությունը կանգ առել կոնկրետ կառուցված­քի վրա:

Ինտուիտիվ բարեփոխումները որևէ լավ բան չեն խոստանում, մանավանդ, որ այդ պարագայում «բարեփոխում» ասվածը մի փոքր չափազանցված կարելի է համարել: Սկզբունքորեն համակարգի տրամաբանու­թյունը չի փոխվել, իսկ բարեփոխումն առա­ջին հերթին հենց դա է ենթադրում: Նախա­րարությունների թվի կրճատումն ընդամենը տեխնիկական խնդիր է, սակայն պահպան­վել է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական երկրում ԱԺ վերահսկո­ղությունից դուրս են մնալու ԱԱԾ-ի, ոստիկա­նության, ՊԵԿ-ի գործունեությունը, որոնց ավելացավ նաև սփյուռքի հետ կապված մարմինը, որն այլևս նախարարություն չէ, ու նրա գործառույթները տեղափոխվում են վարչապետի աշխատակազմ:

Մեծ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են աշխատելու նոր, այսպես կոչված, սուպերնախարարությունները: Այնպիսի տպա­վորություն է, որ նախարարությունները միա­վորվել են ոչ թե հայեցակարգային, ֆունկցի­ոնալ բաղադրիչները հաշվի առնելով, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության ակ­տիվ մասնակիցների «հագով»: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող կառավարության շատ անդամներ անցած մեկ տարվա ընթաց­քում, մեղմ ասած, արդյունավետ չեն կառավարել, շատ դեպքերում նույնիսկ ձախողվել են իրենց ոլորտներում, բայց հիմա նրանք դառնում են ավելի շատ ոլորտների ղեկա­վարներ՝ կանխատեսելի հետևանքներով: Նման իրավիճակում դժվար է ակնկալել կա­ռավարման արդյունավետության բարձրա­ցում, փոխարենը՝ ավելի բարդանալու է որո­շումների ընդունման մեխանիզմը, կարճ ասած՝ տուժելու է օպերատիվ կառավարումը, արձագանքումը:

Այդպես էլ կառավարությունը չկարողա­ցավ հիմնավորել, թե ինչու կիսով չափ ագրարային համարվող Հայաստանում չի գոր­ծելու գյուղատնտեսության առանձին նա­խարարություն, կամ ինչո՞ւ Մշակույթի նա­խարարությունը պետք է միանա Կրթության նախարարությանը այն պարագայում, երբ ոչ թե պետք է նախարարությունը լուծար­վեր, այլ մշակվեր մշակութային նոր քաղա­քականություն, հայեցակարգ, որը համար­ժեք կլիներ համաշխարհային նոր միտում­ներին, նպաստեր Հայաստանի քաղաքակր­թական նոր կերպարի ձևավորմանը: Նույնը վերաբերում է նաև սփյուռքի նախարարությանը, որը ֆունկցիոնլ վակուումի մեջ էր ոչ թե այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, այլ ձևակերպված չէին այդ գերատեսչության առաջնահերթությունները՝ ոչ անցյալում և ոչ էլ հեղափոխությունից հետո­:

Եվ ամենակարևորը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ կառավարությու­նը համառորեն չներկայացրեց, թե ինչ սոցի­ալական գին ունի կառավարության նոր կա­ռուցվածքը, այլ խոսքով՝ քանի մարդ է կրճատվելու բուն կառավարությունում ու դրան ենթակա ստորաբաժանումներում: Ընդդիմության հաշվարկներով՝ խոսքը մի քանի հազար մարդու մասին է, կառավարու­թյունը խոսում է մի քանի տասնյակ կրճատ­վող պաշտոնյաների մասին: 

Անկեղծ ասած՝ կառավարության փաստարկներն այնքան էլ հիմնավորված չեն, որովհետև ցանկացած նախագիծ ունենում է կոնկրետ հաշվարկ, լինում են կոնկրետ թվեր, ու եթե կառավա­րությունը հրաժարվում է դրանք ներկայաց­նել, ուրեմն ակնհայտորեն թաքցնում է իրա­կանությունը՝ վախենալով հնարավոր սոցիա­լական ցնցումներից:

Իհարկե, ինստիտուցիոնալ լուծումները կարևոր են, սակայն եթե նույնիսկ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով կառավարությունն արդյունա­վետ չի կարող աշխատել նաև 12 նախարար­ների պարագայում: Իսկ կադրային փոփո­խություններ չեն սպասվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել