Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի ժյուրիի անդամ Սվետլանա Լոբոդոն հանդիպել է մրցույթի մասնակից երեխաներից մի քանիսի` Ռոբերտ Բագրատյանի, Նինո Չեսների, Անաստասիա Իվանովայի և Մաքսիմ Երժանովի հետ: Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան, ով մասնակիցներին շնորհել է «Ոսկե աստղեր»: Այս մրցանակը նա շնորհում է 2005թ.-ից` երիտասարդ կատարողներին ոգեշնչելու համար:

«Շնորհակալ եմ Ալլա Բորիսովնային երեխաներին նման աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Լոբոդան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» 6-րդ եթերաշրջանի հաղթող էր ճանաչվել Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան` զայրույթի մեծ ալիք բարձրացնելով հեռուստանախագծին հետևողների շրջանում: Նրանք հաղթանակն անվանել էին «վաճառված»:

Ավելի վաղ ՌԴ Առաջին ալիքը հրապարակել էր «Ձայնը. երեխաներ - 6» հեռուստանախագծի եզրափակչի ժամանակ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Հավելենք, որ նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։ Նախագծի ամբողջ ընթացքում հաղթական ճանապարհ անցած 2 հայ փոքրիկներն էլ, սակայն, հանդիսատեսի քվեարկության արդյունքում դուրս էին մնացել նախագծից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել