Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե պետական ապարատի կրճատումն իր հետ շղթայական խնդիրներ կառաջացնի։ Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, թե պետական ապարատի ուռճացումն արդեն իսկ իր հետ բերել է շղթայական խնդիրներ։ Ասատրյանը նկատեց, որ մեր պետական կառավարման ապարատն այնքան «արդյունավետ» էր, որ գնալով ավելացնում էր գործազրկությունը։

Տնտեսագետը դեմագոգիա է որակում հայտարարությունները, թե  պետական ապարատի օպտիմալացումը գործազրկություն կառաջացնի։ «Պետք է ձգտենք համակարգում արդյունավետ կառավարման, իսկ այդ արդյունավետությունն իր հերթին բարիք է, որը ժամանակի ընթացում նաև տնտեսական կյանքում կբերի դրական արդյունքների։ Այս հարցում ես շատ վճռական եմ, ինքս էլ եմ այդպես աշխատել, միակ ձևն ու ճանապարհը սա է։

Ես հո գիտեմ, կամ էլ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական կառավարման համակարգում մեծ չափով կենտրոնացած է բիզնես տարրը։ Եկե՛ք անկեղծ հարցնենք՝ հարկային համակարգում կամ իրավապահ մարմիններում ո՞ր մասն է, որ անձնական շահն է ներկայացնում, ու կտեսնենք, որ մեծ մասը։ Խոսքը գնում է դրա մասին, որ նրանք դուրս գան ու թողնեն այն հատածը, որն իրապես կլուծի խնդիրները»,- ասաց նա։

Ասատրյանի գնահատմամբ՝ առկա պետական կառավարման համակարգը Հայաստանի համար իսկապես շռայլություն է, ավելին՝ հարկ վճարող քաղաքացու վրա մեծ բեռ է։ Ինչ վերաբերում է պնդումներին, թե խնդիրները կարելի է կարգավորել ոչ թե կտրուկ, այլ փուլային փոփոխություններով, Ասատրյանը շեշտեց՝ անդունդը մեկ թռիչքով են հաղթահարում։

«Անձամբ միշտ եղել եմ կտրուկ փոփոխությունների կողմնակից։ Երբ քննարկվում է տնտեսական բարեփոխումների խնդիրը՝ փուլային, թե շոկային, ես հիշում եմ Չեխիայի լուսահոգի նախագահ Վացլավ Հավելի խոսքը, որն ասում էր՝ մենք կանգնած ենք անդունդի առաջ, իսկ անդունդը, հայտնի է, որ 2 թռիչքով չեն անցնում։ Կարծում եմ՝ պետք է կտրուկ լինել այս միջոցառումներում:

Սա է ճանապարհը, դանդաղը․ փուլայինը, ոչ կտրուկը հեքիաթ է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը։

ԿԲ նախկին նախագահը, խոսելով օրենսդիր ու գործադիր մարմինների տնտեսական բլոկի մասին և արձագանքելով դիտարկմանը, որ հիմնականում ՀՀԿ-ի օրոք աշխատած մարդիկ են, նշեց, որ նախկին և ներկա կապ չունի, հարցն այն է՝ մարդիկ կարողանո՞ւմ են ընկալել ժամանակի պահանջը։

«Կան մարդիկ, ովքեր կարողանում են ընկալել ժամանակի պահանջը և այդ ժամանակի պահանջին համապատասխան վճիռներ են կայացնում։ Այս առումով այս  կառավարության կազմի փոփոխություններով տեսնում ենք, որ նույն մարդիկ են։ Պառլամենտի համար կարևորագույնն ընտրված լինելու հանգամանք է, քանի որ այն մարդիկ, որոնք ընտրված են ու գիտակցում են պատասխանատվությունը հանրության առաջ, հավատացեք, համալսարաններ կավարտեն շատ կարճ ժամանակում։

Բայց Կառավարությունը բոլոր իմաստներով վերափոխումների կարիք ունի, այդ թվում՝ նաև կադրային  թարմացումներ են պետք։ Այս տարիների ընթացքում մենք ունենք սերունդ, որը կրթություն է ստացել լավագույն  համալսարաններում, այդ սերունդը պետք է մտնի Կառավարություն, իհարկե, պետք է փորձել հներին հաշվի առնել՝ չասելով, որ ՀՀԿ-ի ժամանակ ես աշխատել, չպետք է աշխատես»,- շարունակեց Բագրատ Ասատրյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել