Մշակույթի նախարարությունից նորություններն արդեն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտությամբ այլևս հակազգային են ու հակապետական։ Լրահոսի հանկարծահաս բացահայտումից պարզվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկում է հայտնվել նաև Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը։
Նախարարի պաշտոնակատար Նազենի Դարբինյանն «Առավոտին» տված հարցազրույցում ոչ միայն չհերքեց լուրը, այլև իր մեկնաբանություններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը հայտնվել է մշակույթից ու նրա կառավարման ունակություններից հազարավոր մղոններով հեռու, ոլորտը փորձությունների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրույթում։
Փորձելով հիմնավորել Համազգայինի թատրոնի լուծարման որոշումը՝ նախարարի պաշտոնակատարն այսպիսի մերկապարանոց հիմնավորում է ներկայացնում. «Թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի՝ բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված»։ ժանրային առանձնահատկությունը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիվ մեկ պաշտոնյան ավելի է խճճվում՝ համոզված հայտարարելով, որ Համազգայինն ուսանողական թատրոն է և «հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա»։
Այ, այսպես՝ անտեղյակ, չփաստարկված, բայց կարևորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում՝ չիմանալով կամ զլանալով ճշտել, որ Համազգայինի թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտավորներ Շահում Ղազարյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը, Տիգրան Ներսիսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Հրաչիկ Գասպարյանը,Դավիթ Հակոբյանը․․․
Չիմանալն ինքնին ամոթ չէ, բայց ոչ այս պարագայում։ Եթե տիկին Նազենին մի քիչ լուրջ վերաբերվեր իր պաշտոնին, ավելի ճիշտ՝ մշակույթին, Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանք կպահանջեր իր աշխատակազմից ու կիմանար այս, նաև այն մասին, որ թատրոնը միջազգային փառատոներից բազմաթիվ Գրան պրիներ է բերել Հայաստան, կիմանար, որ «Արտավազդի» ոչ մի մրցանակաբաշխությունից Համազգայինն անմասն չի մնացել, կիմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապես Արցախի ու հայ զինվորի կողքին է եղել, կիմանար, թե այն որքան փնտրված է սփյուռքում։
Եթե տիկին Նազենին անկեղծ ցանկություն ունենար ճանաչելու թատրոնը, ժամանակ կգտներ ներկա լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս պրեմիերաներից գոնե մեկին։
Ի վերջո, եթե անգամ Համազգայինը դրամատիկական թատրոն է, ի՞նչ է, ձեր դիլետանտական կարծիքով Հայաստանում որևէ թատրոնի գոյության իրավունքը պայմանավորված է սոսկ ժանրային առանձնահատկությա՞մբ, այն էլ՝ մեկը լինելու սահմանափակությամբ, և երկրորդ՝ երրորդ թատրոն ունենալը շքեղությո՞ւն է։ Ինչո՞ւ եք Ձեզ բարոյական իրավունք վերապահել որոշել ինքնիրավչությամբ քանդել մեր հանրապետությունում կայացած, վաստակ ու ավանդույթ ունեցող մշակութային օջախ, այո՛, մի օջախ, որի հիմնադիրը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ազգային երևույթն է։
Ի դեպ, հեռավոր 1991-ին, երբ Սոսն ու Համազգային մշակութային միությունը հիմնադրում էին թատրոնը, համոզումը մեկն էր․ պատերազմի, աղքատության և խավարի մեջ ապրող հայ մարդուն հոգևոր հենարան էր պետք, պատերազմը հաղթելու ոգի։ Մենք, Սոսը, գաղափարը հաղթեց․ պետությունը գնահատեց արժեքն ու իր հովանու տակ վերցրեց։ Դա էր պետության ազնիվ և իմաստուն ճանապարհը դեպի մշակույթը, դեպի թատրոնը։
Դադարեցրեք Ձեր՝ հերոստրատական արշավանքն ազգային մշակույթի դաշտում։
Ես ձեզ ՍՈՍԻ խոսքով եմ պատասխանում. եթե թատրոնը Ձեզ համար սոսկ տարածք է՝ ՊՈԱԿ, ապա մեզ համար՝ Հայաստանի, հայրենիքի հոգևոր սահման։
2. 26. 2019