Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում Հայաստանից Սիրիա  հումանիտար խումբ ուղարկելուն, այսպես են պատասխանել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպատանից:

«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը՝ 83 անձ, ժամանել է Սիրիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել