Azatutyun.am-ը գրում է.
Պենտագոնը մտադիր է մինչև ապրիլի վերջ դուրս հանել Սիրիայում տեղակայած զինծառայողներին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը:
Հաղորդագրության համաձայն, դուրսբերումը տեղի կունենա նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը դեռ պետք է մշակի իր աջակից քրդական ջոկատների պաշտպանությունը երաշխավորելու ծրագիրը:
Ամերիկյան ուժերի մեծ մասը կհեռանա մարտի կեսերին: The Wall Street Journal-ն այդ մասին հայտնել է՝ վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին անանուն պաշտոնյաներին:
Ի պատասխան այդ հաղորդագրության, ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտարարել է, թե «զինծառայողների դուրսբերման հստակ ժամանակացույց սահմանված չէ»: Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել խնդիրը:
Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին՝ շատերի համար անսպասելի, ասել է, որ ցանկանում է Սիրիայից դուրս հանել «Իսլամական պետության» դեմ պայքարում արաբներին և քրդական ջոկատներին աջակցող բոլոր 2 հազար ամերիկացի զինծառայողներին:
Թրամփի այդ որոշման քննադատները պնդում են, որ Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումն «Իսլամական պետությանը» և «Ալ-Ղաիդա»-ին կընձեռի այդ երկրում կամ հարևան Իրաքում կորցրած դիրքերը վերականգնելու հնարավորություն:
Վաշինգտոնը փորձում է քրդերի պաշտպանության հարցը համաձայնեցնել Անկարայի հետ, սակայն Թուրքիան պնդում է, որ իր սահմանից ոչ հեռու սիրիական այդ շրջանում գործող քրդական ջոկատները զինաթափման կամ ոչնչացման ենթակա ահաբեկչական խմբավորումներ են:
Ըստ The Wall Street Journal-ի, ամերիկացի պաշտոնյաներն իրենց եվրոպացի գործընկերներին այս շաբաթ արդեն տեղեկացրել են զինուժը Սիրիայից դուրս բերելու ծրագրի մասին: