«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեական արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների բծախնդիր կատարմամբ, օրինախախտումների նկատմամբ համատարած անհանդուրժողականությամբ:
Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» (օրինակ՝ ոստիկանական գնդի վրա հարձակվողները) և «թշնամիների» (ասենք՝ բյուջեի գումարները թալանողները): Թշնամիներ պետության ներսում պետք է ընդհանրապես չլինեն. չափանիշը մեկն է՝ խախտել է օրենքը-չի խախտել: Եթե չի խախտել, մնացածը՝ համոզմունքները, կուսակցական պատկանելությունը, դավանանքը և այլն, բոլոր դեպքերում հարգանքի է արժանի:
Եթե խախտել է, նրան պետք չէ պատերով տալ, քառատել կամ վառել, նրան պետք է դատել օրենքի տառին համապատասխան՝ տալով պաշտպանության լայն հնարավորություններ:
Բայց եթե անգամ դատապարտվել է լրջագույն հանցագործության համար, նրա նկատմամբ չարժե ատելություն սերմանել՝ անհանդուրժելի է հանցագործությունը, ոչ թե անձը:
Իմ երազած պետությունում չկա նախանձ, խանդ, քծնանք, ստորացում: Եթե իմ հարևանն ինձնից հաջողակ է, ես չպիտի ելնեմ այն կանխավարկածից, որ նա այդ հաջողություններին հասել է անազնիվ ճանապարհով, և կյանքից նեղացածի կերպարանք ընդունեմ: Մանավանդ, որ «հաջողակի» տակ կարելի է հազար ու մի բան հասկանալ, ու դեռ պարզ չէ, թե որքանով են ճշգրիտ հաջողության ընդունված «միջին վիճակագրական» չափանիշները: Սոցիալական համերաշխությունը, իմ կարծիքով, ենթադրում է ամեն մի քաղաքացու, այդ թվում՝ սեփական ունիկալ արժեքի հստակ գիտակցություն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: