Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռները ռազմականացված են, դրանք Ադրբեջանը ձեռք է բերել ռազմական նպատակներով: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյան՝ նշելով, որ դա պետք է ուշադրության և արձագանքի արժանանա Հայաստանի կողմից:

«Պետք է քննարկվի ամերիկյան կողմի հետ այն հարցը, թե ինչպես, ինչ ճանապարհով են դրանք հասել Ադրբեջան: Հատկապես այս ուղղաթիռների վաճառքի դեպքում, որոնք կրկնակի նշանակություն կարող են ունենալ, ռազմականացված կարող են լինել: Ամերիկյան կողմը պայմանագրերում պետք է ֆիքսեր՝ չեն կարող վաճառվել երրորդ երկրների՝ առանց ԱՄՆ կառավարության թույլտվության կամ չեն կարող վաճառվել այն  պետություններին, որոնք ԱՄՆ-ի կողմից էմբարգոյի տակ են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն:

Ըստ նրա՝ շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր:

Միջազգայնագետի խոսքով՝ կասկած չկա, որ Ադրբեջանն ամերիկյան ուղղաթիռները ձեռք է բերել ռազմական նպատակներով:Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդեն դրա մասին տեսանյութերից կարելի է ենթադրել, որ այն ռազմականացված է, քանի որ դրանցից օգտվում են Ադրբեջանի ռազմական ոլորտի ներկայացուցիչները, բացի այդ, եթե ռազմական չէ, ապա ինչու է ներկայացվում ռազմական շքերթում:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանն այն ձեռք է բերվել ռազմական նպատակներով, ռազմական գործողությունների համար»,- ասաց նա:

Բել- 412 ուղղաթիռներից շուրջ երկու տասնյակից ավելի պետություններ ունեն,  ըստ միջազգայնագետի, չի բացառվում, որ դրանք Ադրբեջանը երրորդ երկրից է ձեռք բերել: «Չի բացառվում, որ Ադրբեջանին դրանք վերավաճառվել են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի կամ Թուրքիայի կողմից, որովհետև նրանք դա ունեն: Կարծում եմ, որ ամերիկյան կողմից ուղղակի վաճառք չի եղել, միջնորդավորված վաճառք է եղել: Ինչ-որ պետություն այն ձեռք է բերել և վերավաճառել Ադրբեջանին: Գուցե ձեռք են բերել որպես փրկարար ուղղաթիռներ, հետո վերազինել են համապատասխան տեխնիկայով և դարձրել նաև ռազմական նշանակության: Սա պետք է հաշվի առնել և այս ուղղությամբ աշխատանք իրականացնել»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել