Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հունիսի 9–ին ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ինչպես eMedia.am–ին հայտնեցին համերգասրահի աշխատակազմից, երկու շաբաթից արդեն պատրաստ կլինեն համերգի տոմսերը. «Տոմսի գները դեռևս հայտնի չեն, քանի որ նրանք դեռ պատրաստման փուլում են։ Մոտ երկու շաբաթից արդեն ամեն ինչ պարզ կլինի»։
Նշենք, որ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն 20-րդ դարի ամենամեծ սոպրանոներից մեկն է։ Նա այս տարի դարձել է 80 տարեկան։ Աշխարհի լավագույն սոպրանոն արժանացել է բազմաթիվ միջազգային միցանակների և երգել է 125 օպերային պարտիայում:
Երգչուհին ծնվել է Բարսելոնայում։ 1954թ.-ին գերազանցությամբ ավարտել է տեղի Ֆիլհարմոնիկ դրամատիկական լիցեյը, իսկ 2 տարի անց դարձել Բազելի թատրոնի մենակատարուհի: Մոնսերատն աշխարհահռչակ է դարձել 1965թ.–ին, երբ Նյու Յորքի «Կարնեգի հոլ» դահլիճում արիաներից մեկում փոխարինել է նշանավոր երգչուհի Մերիլին Հորնին` «Լուկրեցիա Բորջա» ներկայացման մեջ: Այս ելույթն օպերայի աշխարհում դարձավ սենսացիա: Դահլիճը ծափահարեց 20 րոպե:



