«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Խոստովանեմ, մինչև ապրիլի 20-ը ես ենթադ­րում էի, որ ընդդիմադիր շարժումը կմարի: Բայց այդ իմ սխալը ներելի է. որովհետև չէի պատկերացնում, թե որքան են կյանքից կտրված մեր իշխանությունները, և, մասնավորապես, որքան հնացած են նրանց պատկերացումները տեղե­կատվության տարածման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Բայց դա առանձին թեմա է:


Իրավիճակն արագ լիցքաթափվեց և, բարե­բախտաբար, անարյուն` ի պատիվ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի: Երրորդ նա­խագահի հասցեին այս պահին հայհոյանքներ գրելը շատ հեշտ է (կարծում եմ` նախագահ եղած ժամանակ էլ դժվար չէր): Հիմա ժամանա­կը չի գնահատելու Սերժ Սարգսյանի 30-ամյա գործունեությունը, որում եղել են թե´ պայծառ էջեր, թե´ սխալներ ու տապալումներ, ինչպես և ցանկացած այլ քաղաքական գործչի դեպքում: Բայց, որ նա հեռացավ ոչ այնպես, ինչպես որ դա կաներ մեկ այլ քաղաքական գործիչ (ինք­ներդ գիտեք, թե ով)՝ դա փաստ է:

Լուծումը շարունակում է մնալ երկխոսությունը: Ճիշտն ասած, երբ մի քանի օր առաջ ես գրում էի երկխոսության մասին, նկատի չունեի մի քա­նի տասնյակ լրագրողների առաջ նստելն ու ու­ղիղ եթերում իրար մեղադրելը: Հիմա, որ վաղը լինի լիագումար նիստ, ենթադրում եմ, որ էլի դրա նման մի բան կստացվի: ԲՀԿ-ն, մոռանա­լով, որ խմբակցության կեսը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին, հանդես կգա սուպերհեղափոխական դիրքերից և կհավաստիացնի, որ միշտ Փաշինյանի կող­քին էր: Դաշնակցությունը նույնպես, թեև այդ աստիճանի կուրծք չծեծելով, կասի, որ Հայաս­տան աշխարհում նոր արշալույս է բացվել: ՀՀԿ-ականները կփորձեն թեթևակի դիմադրել:


Հենց այդ պատճառով, ինձ թվում է, խելամիտ չէ միանգամից ԱԺ լիագումար նիստ հրավիրել և երեսպաշտության վրա ժամանակ կորցնել: Գործը շատ ավելի արագ կգնա, եթե փակ խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարա­նական խմբակցությունների հետ, և հետո միայն համաձայնեցված որոշումը բերեն լիագումար նիստ:


Այն, ինչ ես հիմա կգրեմ, գիտեմ, որ շատերին դուր չի գա: Հեղափոխական էյֆորիայի ազդե­ցության տակ պետք չէ կասեցնել ՀՀԿ-ի գործու­նեությունը, ով հավատում է այդ գաղափարնե­րին, կարող է շարունակել իր գործունեությունը, իսկ ով կուսակցական տոմս է վերցրել, այսպես ասենք, «այլ պատճառներով» (իսկ իշխող կու­սակցությունում սովորաբար այդպես էլ լինում), միևնույն է, կփախնի: Առնետավազքն անխուսա­փելի է»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել