Wnews.am-ը գրում է.

Սամվել Ալեքսանյանը դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ներկայացնում ենք նրա՝ «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից մի հատված. 

-Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք բավականին երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` մեծ ձեռքբերումներ ունեք` ղեկավարում եք մի ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է: Ինչպե՞ս եք կարողանում հասցնել:

-Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու: Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս:

-Մարդու հաջողությունների գրավականներից մեկը, անշուշտ, իր ընտանիքն է, ծնողները: Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել, ի՞նչ ար ժեքներով են Ձեզ մեծացրել Ձեր ծնողները:

-Ասում են, որ մարդու բնավորության գծերը ծնվում են նրա հետ: Սակայն իմ անձի կայացման գործում մեծ, շա՜տ մեծ է եղել ընտանիքիս դերը: Մեր ընտանիքում բոլորն աշխատասեր են: Դա ժառանգել եմ ծնողներիցս: Ես դա եմ տեսել, այդ միջավայրում եմ մեծացել: Դեռ 11-12 տարեկան էինք, երբ նախատոնական ծանրաբեռնված օրերին մայրս ինձ ու քրոջս տանում էր իր աշխատանքի վայր` իրեն օգնելու: Դե, իհարկե, փոքր էինք, սակայն ինչ- որ բան, անպայման անում էինք, մեր ուժերի չափով օգնում էինք: Ծնողներս մեզ այդպես դաստիարակում էին, որ հասկանանք սեփական քրտինքով վաստակածի գինը, գնահատենք այն, ինչ ստեղծվում է մեր ուժերով, լինենք հետևողական, նպատակասլաց: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում ինձ փափուկ բարձերի մեջ չեն մեծացրել: Դա ինձ օգնում է հասկանալ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի դժվարությունը: Բացի այդ` թե՛ հայրս, թե՛ մայրս շատ խստապահանջ են: Եվ չնայած մեզ սովորեցնում էին աշխատել, սակայն աշխատանքը պետք է չխանգարեր մեր կրթությանը: Սովորելն էլ մի ուրիշ ու չափազանց կարևոր աշխատանք էր: Նրանք ամեն ինչ արել են, որ մենք լավ կրթություն ստանանք: Այսօր ես դեռ ուսանող եմ, ու պիտի հասցնեմ և՛ աշխատել, և՛ սովորել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել