Ես ծնող եմ, որդի ունեմ, որը, մայիսին ավարտելով բուհը, ցանկություն է հայտնել մեկնել ազգային բանակ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, որքան էլ Սեյրան Օհանյանը խոսում է սոցիալական արդարության և ծանոթներով ու «այլ միջոցներով» «նպաստավոր» տեղերում ծառայությունը բացառելու մասին` արդեն ոմանք կարողացել են ապահովել իրենց «երջանիկ ծառայությունը»` ինձ մտահոգում է մեկ այլ հանգամանք. հիմա, մեծագույն ցավ ու վիշտ պատճառելով, բերվել է ընդամենը 19 տարեկան Րաֆֆի Մարաշլյանի դին... Ես նրան չեմ ճանաչում, սակայն արդեն իսկ չեմ կարող բողոքս ու ցասումս չարտահայտել, չեմ կարող ընդունելի համարել այն վիճակը, որը տիրում է մեր բանակում: Հայտարարվում է ինքնասպանության մասին: Գուցե այսպես հրամանատարները կամենում են պարտակել սպանության փաստը: Բայց չե՞ն կարծում, որ անգամ այսկերպ կամենալով իրենցից հեռացնել հանցագործությունը, ավելի են ընկղմվում հանցագործության մեջ. ինչու՞ է զինվորը գնում ինքնասպանության, ինչպիսի՞ անմարդկային պայմաններում է նա հայտնվել, որ միակ փրկությունը տեսել է ինքնասպանության մեջ... Ուրեմն, որքա՜ն բարոյալքված իրավիճակ է ստեղծվել, որ երիտասարդը զենք է բարձրացրել իր կյանքի դեմ... Գիտեմ, որ հերթական անգամ ոչ ոք պատասխան չի տալու, որ վերանշանակված նախարար Սեյրան Օհանյանը շարունակելու է երևութականություն ստեղծել, թե պայքարում է բանակում արմատավորված հոռի բարքերի դեմ:
Իսկ այսքանից հետո ես ուզում եմ հարցնել նույն այդ նախարարին. ի՞նչ բարոյական իրավունքով եք հիմա նոր զորակոչ հայտարարում, ի՞նչ վստահությամբ եք նայելու մեր դեմքերին, ի՞նչ բարոյականությամբ եք իմ որդուն բանակ տանելու: Ու եթե ես բոլոր ջանքերը գործադրեմ նրան բանակ չուղարկելու համար, արդյո՞ք ես մեղավոր կլինեմ, պակաս հայրենասեր կլինեմ, քան այն անբարո հրամանատարները, ովքեր իրենց տգիտությամբ ու ընչասիրությամբ անտարբերության են մատնել մեր որդիների ճակատագրերը, ովքեր պոտենցիալ հանցագործներ են դարձել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել