«Երեկ վերջապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մի քանի շաբաթվա լռությունից հետո արձագանքեց «Առինջ մոլի» շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Մի քանի շաբաթ է, ինչ «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դժգոհելով ՊԵԿ-ի գործողություններից: Այն, որ հատկապես փոքր տնտեսվարողները դժգոհ են հարկայինից, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Տարօրինակն այն է, որ բողոքի ակցիաներին մասնակցում են բացառապես «Առինջ մոլ» անունը կրող տոնավաճառի առևտրականները: Պետեկամուտների կոմիտեն երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել է այն փաստարկները, որոնք հիմք են հանդիսացել «Առինջ մոլում» ստուգումներ իրականացնելու համար: «Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեության իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն»,- նշված է հաղորդագրությունում:
Այսինքն, եթե «Փեթակ» կամ «Սուրմալու» տոնավաճառներում մեկ առևտրական օբյեկտի հաշվով միջինը ցույց է տրվել 11.5-12.5 միլիոն դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլ»-ում այդ ցուցանիշը չի հասնում 4 միլիոնի՝ մոտ երեք անգամ քիչ է. ըստ ՊԵԿ-ի՝ սա արդեն հիմք է «Առինջ մոլի» գործունեությունը հարկային տեսանկյունից կասկածի տակ դնելու և ստուգումներ իրականացնելու համար: Մեկ այլ համեմատություն, որ երեկ ԶԼՄ-ներին է տրամադրել պետեկամուտների կոմիտեն: «Առինջ մոլում» 748 առևտրական օբյեկտներում գրանցված վարձու աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 338 է: Այսինքն՝ մեկ օբյեկտի հաշվով 0.45 աշխատող: «Սուրմալու» և «Փեթակ» տոնավաճառներում, ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով, այդ ցուցանիշը 0.97 է: Սա էլ ՊԵԿ-ի կասկածն է առաջացնում, որ «Առինջ մոլում» ստվերային աշխատողներ կան, որոնք գրանցված չեն և հարկեր չեն վճարում:
Ըստ հաղորդագրության՝ հենց այսպիսի ցուցանիշներն են հիմք հանդիսացել, որ ՊԵԿ-ը կենտրոնանա «Առինջ մոլի» վրա: «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ «մեծ վարչարարությունը» կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի, բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ- ը պարտավոր է արձագանքել: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնք խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, և վերջիններիս նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել