Դասադուլի ակցիայի մասնակիցները դեռ Բաղրամյան փողոցում են: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ « Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին մեղադրեց դասադուլը դադարեցնելու որոշման համար, միաժամանակ դա որակեց նահանջ և սխալ քայլ: Նա նշեց, որ նախաձեռնության անդամները լայն քննարկում չեն արել դասադուլավոր ուսանողների հետ, հետո կայացրել նման որոշում:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն էլ նշեցին, որ իրենք չեն կարող միաժամանակ բոլորի կարծիքը հաշվի առնել, բայց դա ամենաարդյունավետ տարբերակն է:
Այս պահին ուսանողների միջև բանավեճը շարունակվում էր դասադուլը դադարեցնելու որոշման պատճառով: Որոշումը կայացնողներին մեղադրում են՝ հինգ հոգով, միանձնյա որոշում կայացնելու մեջ:
15.33
«Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամները մինչև նոյեմբերի 22-ը կընդմիջեն դասադուլի ակցիան, ինչպես նաև հացադուլը, քանի որանցնում են քննարկմանը պատրաստվելու աշխատանքներին:
Նրանց խոսքով դասադուլը իրենց բողոքը արտահայտելու միջոցներից մեկն է։ Իսկ հիմա կլոր սեղան քննարկման առաջարկը ԱԺ ղեկավարության կողմից համարում են լավագույն տարբերակն այս պահի համար: Ուսանողների խոսքով` քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերում և հնարավորին մեծ թվով մարդկանց ներկայությունն է ապահովվելու:
15.25
ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում ավարտվեց հինգ ուսանողների հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դուրս եկան սենյակից և լրագրողների հետ զրույցում և տեղեկացրին հանդիպման արդյունքների մասին: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ իրենք ընդառաջ գնացին ուսանողների առաջարկին՝ կլոր-սեղան քննարկում ապահովել:
Դավիթ Պետրոսյանը նշեց, որ հանդիպման նպատակը բոլոր մարդկանց այն մարդկանց ձայնը լսելի դարձնելն է, որ այս հարցի հետ կապված ունեն մտահոգություն:
«Պարոն Բաբլոյանը նշեց, որ եթե մենք ապացուցենք ,որ սխալ է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի համապատասխան դրույթը, իրենք կարող են փոփոխության գնալ: Նաև պաշտոնապես ասվեց, որ այն ուսանողները, որ դասադուլ են իրականացրել, նրանց նկատմամբ ճնշումներ չեն գործադրվելու»,-ասա Դավիթ Պետրոսյանը:
Դավիթ Պետրոսյանը նշեց,որ ԱԺ համապատասխան՝ Կրթության հանձնաժողովում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում կազմակերպելու ԱԺ ղեկավարության առաջարկն ամենալավ տարբերակն է այս պահի դրությամբ:
Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ ներսում խոսվել է երեք կարևոր բանի մասին, առաջինը՝ կլոր-սեղան քննարկում կազմակերպելու մասով:
«Մենք որպես երկխոսության մարմին, պատրաստ ենք կլոր սեղան քննարկում հրավիրելու, որտեղ ներկա են լինելու բոլոր շահագրգիռ կողմերը: Կրթության հանձնաժողովում կլինեն լսումներ ոչ միայն տարկետման խնդրի հետ կապված, այլև կրթության գլոբալ խնդիրների: Մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսելու յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ձայնը, այդ թվում ուսանողության»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված քննարկումը տեղի է ուեննալու նոյեմբերի 22-ին:
15.10
Ազգային ժողովի մոտ ուսանողների բողոքի ակցիայի և դրա ընթացքում բախումների հետևանքով ոչ ոք բերման չի ենթարկվել:
«Մեկ հոգի է ենթարկվել՝ Ռոբերտ Գրիգորյանը՝ Քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում»,- Tert.am -ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննչական կոմիտեից նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այս առնչությամբ հայտնեց. «Այս պահի դրությամբ Ձեր կողմից վկայակոչված անուն-ազգանունով անձ քննչական մարմիններին չի ներկայացվել»։
Սակայն Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեում գործող բազում գործերի շրջանակներում իրավասու մարմիններն իրականացնում են տարբեր օպերատիվ-որոնողական միջոցառումներ:



