«Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Վանաձորի քրեակատարողական հիմ­նարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պե­տական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը:
 
Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան:
 
Armtimes.com-ին հաջողվեց այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին:
 
- Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համա­ձայն, կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում):
 
- Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը:
 
 
- Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում:
 
- Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են. Շարմա­զանովն իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ըն­կերներ ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև այլ կուսակցություններում:
  
- Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ, շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի համար:
 
- Ոչ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլո­մետր մոտ չեմ էլ եղել:
 
Բայց Երևանում եղե՞լ եք:
 
- Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում:
 
- Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում շնորհա­կալություն հայտնել:
 
- Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտ­նում, Աստված գիտի: Մի բան ասեմ՝ ես բերդից եմ դուրս եկել, այն­տեղ «հա»-ն հա է, «չէ»-ն՝ չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն չեմ խո­սի, հարցեր մի տվեք:
 
- Այսինք որոշել եք արդեն բերդի օրենքներո՞վ ապրել:
 
- Ասում եմ՝ Աստվածաշնչում ասվում է «հա»-ն հա է, «չէ»-ն չէ:
 
- Պարոն Խաչիկյան, իսկ մեր քրեակատարողական հիմնարկ­ներում վիճակը ինչպիսի՞ն է: Դատապարտվածները, որ դուրս են գալիս, պայմաններից բողոքում են:
 
- Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում վիճակն այնպիսին է, ինչպիսին չէ եվրոպական երկրների շատ կառույցներում, այսինքն` լավ է: Փառք Աստծո:
 
- Պարոն Խաչիկյան, Աստծո անունը շատ եք տալիս, զղջու՞մ եք կատարվածի համար, նկատի ունեմ գումարների յուրացումը:
 
- Արդեն ուզում ես հարցազրույց անել, չեմ խոսի:
 
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմ­բերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ Վազգեն Խաչիկյանին և Սո­ցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել